Շարունակելու ենք գործել՝ հանուն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի․ Արամ Ա-ն՝ ԱՀ նախագահին
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանին:
«Արցախի հայության կյանքի մշուշապատ այս օրերին, Արցախի ապաշրջափակումը և նրա իրավունքների իրացման հետապնդումը հարկ է, որ դառնա յուրաքանչյուր հայի և համայն հայության առաջնահերթ նպատակը։ Մենք մեր բոլոր կարողությունները գործի ենք դրել ու պիտի շարունակենք դնել՝ միջազգային մակարդակով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հետապնդելու համար։ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունն իր թեմերով միշտ եղել է Արցախի պետության, նրա քաջարի բանակի ու հերոսական ժողովրդի կողքին։ Վստահեցնում ենք Ձեզ, որ նույն ոգով պիտի շարունակենք մեր Սուրբ Աթոռի զորակցությունը Արցախի Հանրապետությանը»,-ասված է վեհափառի ուղերձում։