16 Նոյ
2024
9° c ԵՐԵՎԱՆ
11.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախի նախագահի ընտրությունը դատապարտող Էրդողանի հայտարարությունը թաքնված սպառնալիք է պարունակում․ թուրքագետ

Արցախի նախագահի ընտրությունը դատապարտող Էրդողանի հայտարարությունը թաքնված սպառնալիք է պարունակում․ թուրքագետ

Էրդողան-Ալիև հեռախոսազրույցը ոչ թե չեզոք կամ միջնորդ պետության
զրույց է բռնապետ Ալիևի հետ, այլ երկու դաշնակիցների զրույց` հակահայկական նույն շեշտադրումների
վրա հենված․ այս մասին ABC Media-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝
անդրադառնալով Էրդողան-Ալիև հեռախոսազրույցին։

Թուրքագետը համոզված է՝ այս հեռախոսազանգը
ևս մեկ վկայություն է թուրք-ադրբեջանական համատեղ ծրագրերի, որոնք որևէ առնչություն
չունեն Հայաստանի շահի հետ։ Դա թշնամական երկու երկրների զրույց է։

«Դրա համապատկերում՝ Էրդողանի հավանական զրույցը
Փաշինյանի հետ պետք է ընկալել ոչ թե միջնորդի, ոչ թե իրավիճակի հանգուցալուծմամբ շահագրգիռ
մարդու, ոչ թե տարածաշրջանային խնդիրներում կառուցողական մոտեցում ունեցող մարդու,
այլ թշնամի պետության ղեկավարի հեռախոսազրույց, որը փորձելու է Հայաստանին պարտադրել
ալիևյան թեզերը՝ ավելի կոշտ շեշտադրումներով»,-նշեց Մելքոնյանը։

Թուրքագետի խոսքով՝ Արցախում ցանկացած ընտրություն
երկար տարիներ եղել են տարբեր պետությունների համար բացասական հայտարարությունների
հիմք, բայց 2020 թվականի պատերազմից հետո այդ հայտարարություններն այլ ենթատեքստ են
ձեռք բերել։

«Էրդողանի հայտարարությունը, որ չի ճանաչում Արցախում տեղի ունեցած
ընտրությունները, իր մեջ պարունակում է ոչ քողարկված սպառնալիք, և որոշակի հենք՝ թուրք-ադրբեջանական
տանդեմի համար՝ ագրեսիվ, ապակառուցողական տարբեր բնույթի քայլեր իրականացնելու։ Նախկինում
հայտարարություններ եղել են Արցախում տեղի ունեցած տարաբնույթ ընտրություններից հետո,
բայց այդ հայտարարությունները մեծ քաղաքականության մեջ, ըստ էության, շատ էական դեր
չեն ունեցել, սակայն 2020 թվականից հետո դրանք լիովին այլ բնույթ ունեն և հիմա ցանկացած
նման հայտարարություն արդեն իր թիկունքում ունի ուժի կիրառման հստակ սպառնալիք»,-հավելեց
նա։

Անդրադառնալով այսօր Էրդողան-Փաշինյան հավանական
հեռախոսազրույցին՝ Մելքոնյանն ասաց, որ մեծ և դրական ակնկալիքներ ունենալ չի կարող։

«Որևէ դրական բան չի կարելի ակնկալել, բնականաբար,
Էրդողանի կողմից լինելու են կոշտ հայտարարություններ և Արցախի հետ միակողմանի զիջումների
գնալու պարտադրանք։ Չեմ կարծում, որ ամենաիշխանամետ և մեծ ֆանտազիա ունեցող վերլուծաբանները
կկարողանան որևէ դրական բան գտնել այդ հեռախոսազանգի մեջ, եթե իհարկե չփորձեն մտացածինը
իրականություն ներկայացնելով՝ ցույց տալ, թե դա հայ-թուրքական հարաբերությունների հանգուցալուծումների
շարունակությունն է և չեմ բացառում, որ Փաշինյանն այդ համապատկերում փորձի նաև մեկ-երկու
հայտարարություն անել հայ-թուրքական՝ փակուղում գտնվող, գործընթացը շարունակելու մասին
և դա դառնա իշխանական քարոզչության հիմնական մեխը։ Հիմնականում կարծում եմ՝ Ալիևի ադրբեջաներեն
ռասիստական հայտարարությունները նույնը թուրքերեն ասելու է Էրդողանը»,-եզրափակեց թուրքագետը։