26 Դեկ
2024
3.4° c ԵՐԵՎԱՆ
5.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ իշխանությունը պետք է հասկանա՝ Փաշինյանը չէ, որ պետք է որոշի Արցախի ճակատագիրը․ քաղաքագետը՝ Լավրովի հայտարարության մասին

ՌԴ իշխանությունը պետք է հասկանա՝ Փաշինյանը չէ, որ պետք է որոշի Արցախի ճակատագիրը․ քաղաքագետը՝ Լավրովի հայտարարության մասին

Հայաստանի և Ռուսաստանի քաղաքական իշխանությունները
բացահայտ հակամարտության մեջ են գտնվում
ABC Media-ի հետ զրույցում, մեկնաբանելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի
երեկվա հայտարարությունը, ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

ՌԴ արտգործնախարարը երեկ խոսել էր հայ-ռուսական հարաբերությունների
մասին, նշելով, որ  կոռեկտ չի համարում Հայաստանում «ինչ-որ գործչի» այն հայտարարությունը,
թե իբր Ռուսաստանն է հանձնել Արցախը։  Նա հիշեցրել էր դեռևս ընդդիմադիր Փաշինյանի
հայտարարությունները՝ ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալու անհրաժեշտության վերաբերյալ,
նշել, որ Արցախն Ադրբեջանի մաս է հայտարարել Փաշինյանը, ուստի պետք է ժողովրդի առաջ
պատասխանատու լինի իր քայլերի համար՝ ՌԴ-ին մեղադրելու փոխարեն։

Քաղաքագետի խոսքով՝ երկու երկրների կողմից արվող
նման հայտարարություններից հանրությունը շատ բան հասկանալ չի կարող։ «Միմյանց մեղադրում
են պայմանավորվածությունները խախտելու մեջ այն դեպքում, երբ դրանց մի մասը գաղտնի են,
այսինքն՝ հանրությունը դրանց մասին տեղյակ չէ։ Ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերությունների
վատթարացման պատճառով է, որ հայկական կողմը`հատկապես Արցախը, այսքան կորուստներ ունեն,
բայց թե այդ կորուստների մեջ ում մեղքի բաժինը որքան է՝ դժվար է դատել։ Ենթադրում եմ,
որ երկու կողմերն էլ բավականաչափ մեղավոր են»,-նշեց Մելիք-Շահնազարյանը։

Վերջինս նշեց՝ Լավրովը միանշանակ ճիշտ է, երբ նշում
է, որ Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը՝ Պրահայում։

«Այո, Արցախի բլոկադան և Ադրբեջանի՝ քաղաքական, տնտեսական
նաև ռազմական ագրեսիան վերսկսվել է այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչեց
Ադրբեջանի մաս։ Բայց Ռուսաստանի իշխանությունները պետք է լավ հասկանան՝ Փաշինյանը չէ,
որ պետք է որոշի Արցախի խնդիրը, նրա հայտարարությունները բացահայտ հիմք չեն՝ Արցախից
լիարժեք հրաժարվելու կամ պնդելու համար, որ Արցախն այլևս հանձնված է Ադրբեջանին»,-նշեց
նա։

Մելիք-Շահնազարյանն ասում է, որ Ռուսաստանն էլ, Փաշինյանի
հայտարարությունից օգտվելով, անընդհատ կրկնում է,  որ Արցախը հանձնվելու է Ադրբեջանին։

«Այս պատճառով ես չեմ ողջունում և անընդունելի եմ
համարում, թեկուզ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հայտարարությունների վրա հիմնվելով,
նման հայտարարություններ անելը՝ լինեն դրանք Ռուսաստանում, Հայաստանում, Միացյալ Նահանգներում,
թե որևէ այլ տեղ։

Արցախն ինքնուրույն սուբյեկտ է, Արցախի հայությունը
առաջնորդվում է ինքնորոշման իրավունքի ռեալիզացման սկզբունքով, պայքարում է այդ իրավունքի
համար, և որևէ մեկը չի կարող որոշել Արցախի ճակատագիրը»,- հավելեց մասնագետը։

Քաղաքագետի խոսքով՝ այս իշխանություններն աննախադեպ
էին Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության ընթացքում։

«Երբեք դավաճանը չի եղել կանգնած երկրի, պետության
ղեկին։ Աննախադեպության մասին, եթե խոսենք շատ ավելի աննախադեպ դեպքեր են տեղի ունեցել
վերջին 4-5 տարիների ընթացքում։ Այս իշխանություններն ամեն ինչ անում են Հայաստանը
կործանելու համար։ Դա է պատճառը, որ իրենք իրենց ազատ են զգում բոլոր հայտարարություններն
անելիս, և հետևանքները, որքան էլ աղետալի լինեն մեր երկրի համար, ոչ թե անհանգստացնում
են իրենց, այլ իրենց պլանի մի մասն են կազմում»,- եզրափակեց նա։