Ռազմաքաղաքական իրավիճակը բավական լարված է, ինչը կարող է բերել անցանկալի իրադարձությունների․ Տիգրան Աբրահամյան
Հումանիտար բեռների տեղափոխումը Գորիսից Ստեփանակերտ փաստացի ձախողվել
է, իսկ իրավիճակն առաջնագծում գնալով լարվում է․ այսօր ԱԺ-ում
լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ Արցախում ադրբեջանական զորքերի տեղակայումը հիմնականում
Ակնայի (Աղդամի) ուղղությամբ է, որը հարակից է Մարտունու, Ասկերանի ու Մարտակերտի շրջաններին:
«Այդ ուղղությամբ նկատելի է համալրումներ, և՛ զրահատանկային,
և՛ հրետանային, և՛ հրթիռային զորքերի առումով։ Բավական ակտիվ գործում են նաև ԱԹՍ-ները՝
առաջնագծի արդեն բոլոր ուղղություններով։ Ռազմաքաղաքական իրավիճակը գնահատում եմ բավականին
լարված, ինչը կարող է բերել անցանկալի իրադարձությունների»,- նշեց պատգամավորը:
Անդրադառնալով Արցախ ուղարկված ռուսական հումանիտար օգնությանը՝
Աբրահամյանը նշեց, որ Ադրբեջանը դիտավորյալ է տապալել ռուսական հումանիտար օգնությունը
Արցախ հասցնելու գործընթացը՝ դրանով հիմքեր նախապատրաստելով Արցախի, զուգահեռ նաև Հայաստանի
նկատմամբ ագրեսիայի համար:
«Ռուսական կողմից ներկայացված վերջին տարբերակը եղած տարբերակներից
եղել է ամենակոմպրոմիսայինը: Դա ոչ թե ենթադրում էր ադրբեջանական «Կարմիր մահիկի»,
ադրբեջանական հումանիտար բեռի, այլ ռուսական Կարմիր Խաչի միջոցով Ակնայի ուղղությամբ
մեկ սիմվոլիկ բեռնատարի մուտք, դրանից հետո՝ Լաչինի միջանցքի երթևեկության վերականգնում:
Երթևեկության վերականգնումն այս փուլում չէր ենթադրում երկկողմանի ազատ տեղաշարժի իրականացում,
ինչն ունեցել ենք մինչև ապրիլի 23-ը, երբ ադրբեջանական անցակետ տեղադրված չէր, այլ
վերաբերում էր ռուսակական խաղաղապահների կողմից Գորիսից Ստեփանակերտի բեռների
տեղափոխությանը: Առաջարկը ներկայացվել է որպես նաև Ադրբեջանի կողմից համաձայնեցված
տարբերակ: Բայց ավելի ուշ Ադրբեջանը փաստացի անհամաձայնություն է հայտնել այդ առաջարկի
վերաբերյալ, ներկայացրել նոր պահանջներ, այն է՝ միայն Աղդամի ճանապարհի բացում և ռուսական
ուղեբեռից բացի, նաև ադրբեջանական «Կարմիր մահիկի» բեռնատարների մուտք դեպի Արցախի
Հանրապետության տարածք: Սա, իհարկե, ընդունելի չի եղել Արցախի իշխանությունների կողմից
և տեղեկացվել է ռուսական կողմին»,- ասաց Աբրահամյանը:
Ըստ նրա՝ Արցախի իշխանությունները պատրաստ են բանակցելու, բայց
կան կոնկրետ սկզբունքներ, որոնք որևէ պայմանում չեն խախտվելու: