
Ադրբեջանցի բլոգերին պատիժ է սպառնում ՀՀ–ի հետ սահմանին ռազմական տեխնիկա տեղափոխելու տեսանյութի համար
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) 18-ամյա բլոգերի է ձերբակալել հայ–ադրբեջանական սահմանին ռազմական տեխնիկայի տեղաշարժը նկարահանելու համար․ տեղեկացնում է Sputnik Armenia-ն՝ հղում տալով ադրբեջանական ԶԼՄ-ներին։
Տեսանյութը տարածվել է մարտի 15-ին «TikTok» սոցիալական ցանցում։ Նշվում է, որ ադրբեջանական բանակը սահմանին պատրաստվում է ռազմական գործողությունների։
ՊԱԾ-ում քրեական գործ է հարուցվել։ Ծառայությունը պնդում է, որ կադրերը նկարահանվել են այս տարվա փետրվարի 27-ին։
«Հաստատվել է, որ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, 2007 թ. ծնված Ռուստամով Սամեդ Բահման օղլուն 2025թ. փետրվարի 27-ին տեսանկարահանել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերին պատկանող զինտեխնիկայի տեղաշարժը Գյադաբեյի շրջանի տարածքում (ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանին. խմբ.) և օրենքով արգելված այդ տեսանյութը 2025թ. մարտի 15-ին հրապարակել «TikTok» սոցիալական ցանցի իր էջում», – ասված է հաղորդագրության մեջ:
ՊԱԾ–ը նաև պնդում է, որ այդ տեսանյութին ավելացվել են կադրեր, որոնք տարբեր ժամանակահատվածներում տեղադրվել են սոցիալական ցանցերում՝ իրականությունը չարտացոլող լրատվական նյութերի հղումներով: