
Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության ֆորում կազմակերպելու Շվեյցարիայի առաջնորդությունը հույսի նշան է և կառուցողական ներգրավվածության օրինակ. «Հայաստան» դաշինք
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցությունն իր երախտագիտությունն է հայտնում Շվեյցարիայի Դաշնային ժողովի երկու պալատներին՝ Ազգային ժողովին և Կանտոնների խորհրդին, «Խաղաղության ֆորում Լեռնային Ղարաբաղի համար. Հայերի վերադարձի հնարավորությունը» վերնագրով բանաձևի ընդունման կապակցությամբ. ասվում է խմբակցության տարածած հաղորդագրության մեջ։
«Այս սկզբունքային և ժամանակին կայացված որոշումը վկայում է միջազգային իրավունքին, համամարդկային հումանիտար արժեքներին և ընդգրկուն դիվանագիտությանը Շվեյցարիայի երկարամյա հավատարմության մասին։
Կարևորելով Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսություն խթանող հատուկ ֆորումի ստեղծման անհրաժեշտությունը՝ Շվեյցարիան կարևոր շեշտադրում է կատարում՝ պաշտպանելու բնօրրանից բռնի տեղահանված հայերի հավաքական վերադարձի և հիմնարար այլ իրավունքի իրացման ուղղությամբ։
Մենք խորապես գնահատում ենք Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատների պատրաստակամությունը՝ աջակցելու և կյանքի կոչելու այս կենսական նախաձեռնությունը և ողջունում ենք Դաշնային խորհրդի առաջիկա դերակատարությունը այն իրագործելու հարցում։
Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի, էթնիկ զտման նպատակադրումով և ռազմական գործողություններով ուղեկցված տեղահանումը ոչ միայն լրջագույն հումանիտար ճգնաժամ է առաջացրել, այլև բարոյական և իրավական լուրջ մարտահրավեր է միջազգային հանրությանը։
Երկխոսության ֆորում կազմակերպելու Շվեյցարիայի առաջնորդությունը հույսի նշան է և կառուցողական ներգրավվածության օրինակ։ Մենք պատրաստ ենք ակտիվորեն աջակցել այս նախաձեռնությանը և սերտորեն համագործակցել շվեյցարացի մեր գործընկերների և բոլոր շահառուների հետ՝ ապահովելու ֆորումի արդյունավետ ընթացքն ու նպաստելու Հարավային Կովկասում հարատև և արդար խաղաղության հաստատմանը», – ասվում է հաղորդագրության մեջ: