Ի շահ Արցախի Հանրապետության, ի շահ Արցախի և հայ ժողովրդի․ Դավիթ Իշխանյանի շնորհավորանքը Արցախի նորընտիր նախագահին
Արցախի Հանրապետության նախագահի
պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը ԱԺ հատուկ
նիստում Արցախի նախագահի ընտրությունից հետո շնորհավորել է նորընտիր նախագահ Սամվել
Շահրամանյանին։
«Երբ որ խոսում ենք քաղաքական տերմինների մասին, նաև պետք
է կարողանանք տարբերակել ռազմավարությունը
և մարտավարությունը: Եվ մեզանից յուրաքանչյուրը իր մեջ պետք է ունենա ռազմավարական
մտածելակերպ` ինչու չէ նաև մարտավարական համապատասխան մոտեցումներով:
Նաև կա նպատակի, միջոցի հասկացողություն: Ես ուզում եմ, որպեսզի
մեզանից յուրաքանչյուրը առաջնորդվի հենց այդ մոտեցումներով և կարողանա զանազանել՝ որն
է նպատակը, որը` միջոցը: Կարծում եմ՝ այս բոլոր ձևակերպումներն ու թեզերը օգտակար կլինեն նորընտիր նախագահին:
Ուզում եմ առիթից օգտվել՝ շնորհավորելու նաև մեր ժողովրդի անունից,
բոլորիս անունից: Բոլորս գիտակցում ենք, թե ինչպիսի ծանր, պատասխանատու շրջանում և ինչպիսի
ծանր որոշում է կայացրել հենց ինքը` Սամվել Սերգեյի Շահրամանյանը: Եվ այդ որոշումը
կրելու պատասխանատվությունը, կարծում եմ, մեզանից յուրաքանչյուրինն է՝ թե´ կողմ և թե´ դեմ քվեարկած կամ քվեարկությանը չմասնակցած,
և նաև մեր հասարակությանը, որովհետև մեր այսօրվա վիճակն այնպիսինն է, որ յուրաքանչյուր
պահ, յուրաքանչյուր ժամ կարող է մեզ համար ճակատագրական լինել: Ես կարծում եմ այսօր
մենք մեր առաքելությունը ավարտեցինք այս ճակատագրական պահին ճակատագրական որոշումով:
Մեկ անգամ ևս շնորհավորանքներ, Սամվե´լ Սերգեյի: Հույս ունենք, որ Ձեր աշխատանքը կլինի
բեղմնավոր, ինչպես Դուք եք նշել՝ ի շահ Արցախի Հանրապետության, ի շահ Արցախի և հայ ժողովրդի: Շնորհավորում եմ», – ասել է Դավիթ Իշխանյանը։