
Հազարավոր ձերբակալվածներ և բախումներ Թուրքիայում․ Թրամփն աջակցո՞ւմ է Էրդողանին
Թուրքիայում բախումները շարունակվում են։ Բողոքի ակցիաները վերածվել են ոստիկանության հետ բախումների, իրավապահներն արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ են կիրառել:
Հատուկ միջոցներ, բռնի ուժ՝ ցուցարարների, անգամ տեղում աշխատող լրագրողների նկատմամբ: Իրավապահներն ամբողջ զինանոցն են կիրառում ցույցերը դադարեցնելու համար։Ուժայինները ցուցարարներին ծեծել են ոտքերով և մահակներով։ Բռնություն են կիրառել RT-ի թղթակցի և օպերատորի նկատմամբ: Նրանց ծեծել են մահակներով, պոկել տարբերանշանները, կոտրել հակագազերը, իսկ հետո արցունքաբեր գազ են փչել նրանց ուղղությամբ:
Ամբողջ գիշեր Թուրքիայի ամենատարբեր բնակավայրերում բախումները չեն դադարել: Այս երկրի ներքաղաքական կյանքին ծանոթ փորձագետները կարծում են, որ առաջիկա օրերին իրավիճակը շարունակելու է լարված մնալ: Իսկ որ ամենակարևորն է, հեռուստառադիոյի ոլորտում մոնիթորինգ կատարող պետական մարմինը, որը փաստացի թուրքական մեդիայի գլխավոր գրաքննիչ գերատեսչությունն է, կարգադրել է երկրի խոշորագույն հեռուստաընկերություններին չցուցադրել բողոքի ցույցերը: Տնտեսական վատ դրությունն անգամ լուսաբանելու ենթակա չէ: