
Ֆրանսիան Իմամօղլուի ձերբակալությունը որակել է ժողովրդավարության վրա հարձակում
Ֆրանսիան կարծում է, որ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և շատ այլ հայտնի գործիչների բանտարկությունը լուրջ հարձակում է ժողովրդավարության վրա․ ասվում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Ֆրանսիան վերահաստատում է իր խորը մտահոգությունն այս կապակցությամբ։ Ընտրված ընդդիմության ներկայացուցիչների իրավունքները հարգելը, ցույցերի ազատությունը և խոսքի ազատությունն օրենքի գերակայության հիմնաքարերն են։ Որպես Եվրախորհրդի անդամ և Եվրամիության անդամության թեկնածու երկիր՝ Թուրքիան կամավոր ստանձնել է պարտավորություններ այս ոլորտում։ Այս պարտավորությունները հարգելը մեր հարաբերությունների, ինչպես նաև Թուրքիայի և Եվրամիության միջև հարաբերությունների կենտրոնական տարրն է»,- ասվում է հաղորդագրության մեջ։