
Եգիպտոսը նոր առաջարկ է ներկայացրել Գազայի հատվածում կարգավորման վերաբերյալ
Գազայի հատվածում կարգավորման վերաբերյալ Եգիպտոսի նոր առաջարկը նախատեսում է այս գոտում պահվող բոլոր պատանդների ազատ արձակումը և նրանց հանձնումն իսրայելական կողմին մեկուկես ամսից ոչ ավելի ժամկետում. հայտնում է պաղեստինյան Maan գործակալությունը։
Վերջինիս տվյալներով՝ Կահիրեն ակնկալում է, որ իր նախաձեռնության համաձայն՝ «բոլոր ողջ մնացած պատանդներն ու մահացածների մարմինները կհանձնվեն մեկից մեկուկես ամսվա ընթացքում»։
Ի պատասխան, ինչպես առաջարկում է եգիպտական կողմը, Գազայում պետք է վերականգնվի հրադադարը և վերսկսվի մարդասիրական օգնության առաքումն անկլավի բնակչությանը։ Ինչպես նշում է Maan-ը, եթե հակամարտող կողմերը համաձայնեն Եգիպտոսի առաջարկին, ապա հինգ պատանդներից բաղկացած առաջին խմբաքանակը կարող է ազատ արձակվել մինչև այս շաբաթվա վերջ։ Միաժամանակ ՀԱՄԱՍ-ը պնդում է հրադադարի պահպանման երաշխիքներ տրամադրել։ Մարտի 14-ին ՀԱՄԱՍ-ը միջնորդներին տեղեկացրել է, որ պատրաստ է ազատ արձակել ամերիկացի պատանդ Էդեն Ալեքսանդրին և հանձնել երկքաղաքացիություն ունեցող չորս մահացած գերիների մարմինները։
Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայում՝ լայնածավալ հարվածներ հասցնելով անկլավին և դրանով իսկ ընդհատելով այս տարվա հունվարին հաստատված հրադադարը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը դա բացատրել է նրանով, որ Գազայի հատվածում գործողության նպատակը բոլոր պատանդներին ազատելն է։