
ՌԴ-ն պահանջում է միջազգային կառույցների արձագանքը զինթղթակիցների հերթական սպանություններին
Մոսկվան պահանջում է ռուս լրագրողների սպանությունների կապակցությամբ միջազգային կազմակերպությունների անհապաղ արձագանքը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Բելգորոդի մարզում մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում ռուսաստանյան Առաջին ալիքի լրագրող Աննա Պրոկոֆևայի զոհվելու հանգամանքները:
Վիրավորվել է նաև հրետակոծման պահին նրա հետ գտնվող օպերատոր Դմիտրի Վոլկովը։
Զախարովան դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին և ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչին՝ տեղի ունեցածի կապակցությամբ նրանցից պահանջելով վճռական գործողություններ: Նա ընդգծել է, որ լրագրողների վրա հարձակումները խախտում են այդ կազմակերպությունների մանդատները և չեն կարող անարձագանք մնալ:
«Այդ դաժանության մասին լռելը կամ ձևական մեկնաբանությունները կդիտարկվեն որպես մեղսակցություն լրագրողների նկատմամբ այդ «որսի» շարունակմանը»,- ասված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Զախարովան ցավակցություն է հայտնել Պրոկոֆևայի հարազատներին ու մերձավորներին՝ ընդգծելով, որ լրագրողը մինչև վերջին րոպեն կատարել է իր մասնագիտական պարտքը։ Դիվանագետը նաև շուտափույթ ապաքինում է մաղթել Դմիտրի Վոլկովին:
Մարիա Զախարովայի խոսքով՝ ռուս լրագրողների նկատմամբ Կիևի ռեժիմն իրականացնում է «նպատակաուղղված որս»։ Ուկրաինական զինուժի հարձակումների հետևանքով, ըստ ԱԳՆ-ի, միայն վերջին օրերին զոհվել է ռուսաստանյան ԶԼՄ-ների 4 ներկայացուցիչ: Գերատեսչությունը պնդում է, որ արևմտյան զենքով հարվածները հասցվել են հիմնականում այն նկարահանող խմբերին, որոնց նախապես հետևել են տեղանքում։
Զախարովան կոչ է արել կառավարություններին, իրավապաշտպան կազմակերպություններին և մեդիահամայնքին՝ դատապարտել ռուս լրագրողների վրա համակարգված հարձակումները և այլ հանցագործությունները խաղաղ բնակչության դեմ: Նա հավաստիացրել է, որ բոլոր մեղավորները կբացահայտվեն և արժանի պատիժ կստանան: