Արցախի նախագահի պաշտոնում Սամվել Շահրամանյանի թեկնածությունը հաստատվել է, Սամվել Բաբայանի դիմումը՝ մերժվել
Արցախի Ազգային ժողովի «Ազատ հայրենիք – ՔՄԴ», «Արդարություն»,
«Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները
Հանրապետության նախագահի թեկնածու են առաջադրել Սամվել Սերգեյի Շահրամանյանին, «Միասնական
հայրենիք» խմբակցությունը՝ Սամվել Անդրանիկի Բաբայանին: Այս մասին հայտարարություն
է տարածել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը։
«Միասնական հայրենիք» խմբակցության կողմից Սամվել Անդրանիկի Բաբայանին
Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը
հետ են վերադարձվել՝ վերջին 10 տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու,
վերջին տասը տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը չներկայացնելու
պատճառով:
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 149.1-ին հոդվածի 3-րդ և
4-րդ մասերի համաձայն 2023 թվականի սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին, իրավունքի ուժով
կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ՝ Հանրապետության նախագահի ընտրության հարցով: