Հայաստանը փորձադաշտ չէ, հերիք է ժողովրդին զոհասեղան ուղարկեք․ Վահե Հովհաննիսյան
Ադրբեջանում զորքերի տեղաշարժի, խոշոր կուտակումների, հնարավոր
պատերազմի շեմին ՀՀ գործող իշխանությունը արհեստականորեն սրում է Ռուսաստանի հետ հարաբերությունները։
Այստեղ ամենակարևոր բառը «արհեստականորենն» է․ ֆեյսբուքյան իր էջում գրել է «Այլընտրանքային
նախագծերի խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը։
«Շատ արհեստական է պրոցեսը, շատ խաղարկային։ Սա մեծ արկածախնդրություն
է, որ կարող է չափազանց թանկ գին ունենալ։ Հռոմի ստատուտը ԱԺ վավերացման ուղարկելը,
ԱՄՆ հետ զորավարժությունները. Մոսկվան սրանց բոլոր հնարավոր կարևոր շենքերից կոշտ արձագանքել
է։ Ու մեկ հոգին մի ողջ պետության դնում է էքսպերիմենտալ կենդանու տեղ։ Ու մենք, գլուխներս
կախ, սպասում ենք մեր ճակատագրին»,- գրել է նա։
Հովհաննիսյանը հիշեցրել է, որ մեկ հոգին ամիսներ շարունակ հրաժարվում
է ՀԱՊԿ առաքելությունից ու հիմա կառավարության նիստում հույսը դնում ՄԱԿ Անվտանգության
խորհրդի երկրների վրա։
«Հայաստանը փորձադաշտ չէ։ Հերիք է ժողովրդին զոհասեղան ուղարկեք»,-գրել
է նա։
Հովհաննիսյանի խոսքով՝ հասարակությունը չի հասկանում՝ ինչ
է կատարվում։
«Նույնիսկ կրթված շերտերը լավ չեն հասկանում՝ ինչո՞ւ է սրում Ադրբեջանը,
ի´նչ է ուզում, ինչո´ւ է կոշտացնում իր պահանջները, ինչո´ւ է իրեն վստահ զգում, ի´նչ
պատմական նվեր է իր համար Հայաստանի և Ռուսաստանի՝ ծայրաստիճան սրվող հարաբերությունները։
Չի հասկանում, որ Ադրբեջանը գալիս է՝ Նիկոլի կողմից իր մաս ճանաչված Ղարաբաղի, և Նիկոլի
կողմից իր մաս «ճանաչված» 8 անկլավների հետևից»,- ամփոփել է Հովհաննիսյանը։