
Իրական առաջնորդությունը որոշվում է արդյունքներով, իսկ երբ դրանք բացակայում են, հրաժարականը միակ արժանապատիվ որոշումն է․ Արաս Օզբիլիզ
Վերջին իրադարձությունները կրկին անգամ ցույց տվեցին, թե ինչպիսի խորը ճգնաժամի մեջ է հայկական ֆուտբոլը. Վրաստանի հավաքականից կրած ծանրագույն պարտությունից հետո, հարկավոր էր ստանձնել պատասխանատվություն և առաջարկել իրական լուծումներ, սակայն ՀՖՖ ղեկավարությունը շարունակում է խուսափել քննադատությունից և շեղել հանրության ուշադրությունը, ինչպես դա արել է տարիներ շարունակ. ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը:
«Հարգելի՛ հայ ֆուտբոլասերներ, խաղացողներ և բոլոր նրանք, ովքեր մտահոգված են մեր ֆուտբոլի ապագայով:
Վերջին իրադարձությունները կրկին անգամ ցույց տվեցին, թե ինչպիսի խորը ճգնաժամի մեջ է հայկական ֆուտբոլը։ Վրաստանի հավաքականից կրած ծանրագույն պարտությունից հետո, հարկավոր էր ստանձնել պատասխանատվություն և առաջարկել իրական լուծումներ, սակայն ՀՖՖ ղեկավարությունը շարունակում է խուսափել քննադատությունից և շեղել հանրության ուշադրությունը, ինչպես դա արել է տարիներ շարունակ։
Արդեն տևական ժամանակ է, ինչ ֆուտբոլային հանրությունը՝ երկրպագուները և ոլորտի մասնագետները, պահանջում են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ Պատճառները պարզ են՝ հայկական ֆուտբոլն աննախադեպ անկում է ապրել, և շարունակում է սրընթաց վայրէջքը դեպի վերջնական հուսահատության և վստահության կորստի։
Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանն անբավարար ուշադրություն է դարձվում: Ազգային հավաքականը, որի խաղը տարիներ շարունակ ոգեշնչել է մեզ, այժմ գտնվում է անհույս վիճակում։
Սակայն այս հիմնախնդիրները լուծելու փոխարեն, ՀՖՖ նախագահը կենտրոնացած է ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեում տեղ զբաղեցնելու վրա՝ մի պաշտոն, որը այս պահի դրությամբ միայն նեղ անձնական խնդիր է լուծում՝ ի ցույց դնելով Արմենի՝ իրավիճակին չտիրապետելը և բոլորիս երազանքների ու մտահոգութրունների վրա խորապես թքած ունենալը։ Խորապես մտահոգիչ է, որ մարդը, ով տարիների ընթացքում չի կարողացել առաջընթաց ապահովել հայկական ֆուտբոլում, այժմ ցանկանում է ներկայացնել Հայաստանը եվրոպական ֆուտբոլում։ Իրական առաջնորդությունը որոշվում է արդյունքներով, իսկ երբ դրանք բացակայում են, հրաժարականը միակ արժանապատիվ որոշումն է։
Ի պատասխան երկրպագուների պահանջներին՝ Արմեն Մելիքբեկյանի արձագանքը ոչ միայն անսպասելի էր, այլև ֆուտբոլային և մարդկային բանականությունից հեռու։
Իր ձախողումները ընդունելու և ելքեր առաջարկելու փոխարեն, նա որոշեց խնդիրը քաղաքականացնել, հայտարարելով, թե իր հրաժարականի պահանջը վնասում է Հայաստանի ինքնիշխանությանը։ Սա ոչ միայն մոլորեցնող է, այլև անհարգալից վերաբերմունք այն մարդկանց հանդեպ, ովքեր իրենց կյանքը նվիրել են հայկական ֆուտբոլին։
Եկեք հստակեցնենք ավելի մանրամասն․
- Այս պահանջը քաղաքականության հետ կապ չունի, այլ ուղղակիորեն վերաբերում է ֆուտբոլին։
- Նրա անհաջողությունը իր նկատմամբ անձնավորված վիրավորանք չէ, այլ փաստ է, որը հաստատվում է արդյունքներով։
- Տանը ձախողվելով՝ ՈՒԵՖԱ-ում պաշտոն ստանալու ձգտումը առաջընթաց չէ, այլ կեղծավորություն։
Եթե Մելիքբեկյանը իսկապես մտահոգված է հայկական ֆուտբոլով, ապա նա պետք է ընդունի իր անհաջողությունները, հրաժարական տա և թույլ տա նոր ղեկավարությանը պատասխանատվություն ստանձնել։ Ֆուտբոլը քաղաքական դիրքորոշում ՉԷ, այլ արդյունքներ, զարգացում և հնարավորությունների ընձեռում մեր երիտասարդ խաղացողներին։
Միակ հարցն այս է․ արդյո՞ք նա ունի բավարար արժանապատվություն՝ ընդունելու այս իրականությունը։
Փոփոխություններն անխուսափելի են։ Հայկական ֆուտբոլը և մեր երկրպագուները արժանի են լավագույնին։
Ի վերջո պետք չէ խաղալ երկրի հեղինակության հետ։ Ձեր իսկ գործողություններն են վնասում ֆուտբոլին և երկրին»,- գրել է Օզբիլիսը։