
Իմամօղլուն Էրդողանին կոչ է արել իր դատավարությունն անցկացնել ուղիղ եթերում
Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կոչ է արել երկրի իշխանություններին իր դատավարությունն անցկացնել թուրքական պետական TRT հեռուստաալիքի ուղիղ եթերում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության գործիչ Օզգյուր Օզելը՝ Ստամբուլում ի պաշտպանություն Իմամօղլուի ցույցի ժամանակ․ տեղեկացնում է Euronews-ի թուրքալեզու ծառայությունը։
«Ես Իմամօղլուից պատմական մարտահրավեր եմ փոխանցում Էրդողանին։ Քաղաքապետն ասում է, որ ինքը մեղավոր չէ։ Հեյ, Էրդողան, եթե այդքան համարձակություն ունես, TRT-ով հեռարձակիր Էքրեմ Իմամօղլուի դեմ քո կազմակերպած դավադիր գործը։ Ունե՞ս այդ համարձակությունը», – ասել է Օզելը ՝ փոխանցելով ձերբակալված քաղաքապետի խոսքը։
Մարտի 23-ին դատարանը ձերբակալել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին՝ կոռուպցիայի և Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցությանը օգնելու մեղադրանքով։ Իմամօղլուն Թուրքիայի ներկայիս ղեկավար Ռեջեփ Էրդողանի գլխավոր քաղաքական հակառակորդն է, և ընդդիմության կողմից համարվում է նախագահական ընտրությունների ապագա թեկնածու։