
ՔՊ–ն որոշել է դատի տալ Արման Թաթոյանին
«Քաղաքացիական պայմանագիրը» կուսակցությունը պատրաստվում է դատի տալ ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանին։ Այս մասին գրում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
««Քաղաքացիական պայմանագիրը» կդիմի դատարան՝ Արման Թաթոյանի կողմից հնչեցված և որոշ լրատվամիջոցներում արտատպված զրպարտող հայտարարությունների մասով՝ թե իբր «ՔՊ-ն ընտրողներին ստիպում է նկարել իրենց քվեաթերթիկը»»,–գրել է Ալեքսանյանը։
Այսօր Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ արդեն բազմաթիվ հրապարակումներ կան, որ ՔՊ-ն հրահանգել է Գյումրու ավագանու ընտրությունների քվեարկության օրը նկարել իրենց քվեաթերթիկները՝ որպես ապացույց, որ ընտրել են իշխանությանը։
Թաթոյանն ընդգծել էր, որ դա հանցանք է և դրա համար նախատեսված է քրեական պատասխանատվություն: