30 Նոյ
2024
0° c ԵՐԵՎԱՆ
-2.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պետք է հնարավորինս խուսափենք գերտերությունների միջև ակտիվ գործիք լինելուց․ Արտակ Բեգլարյան

Պետք է հնարավորինս խուսափենք գերտերությունների միջև ակտիվ գործիք լինելուց․ Արտակ Բեգլարյան

Արցախի  պետնախարարի նախկին
խորհրդական
Արտակ Բեգլարյանը գրել է․

 «Տարբեր պաշտոնական և ոչ պաշտոնական հայտարարություններ ու նյութեր
հստակորեն ապացուցում են, որ վերջին օրերին Ադրբեջանը Արցախի և Հայաստանի շուրջ մեծածավալ
զինտեխնիկա ու զորք է կուտակում:

 Ուշագրավ է, որ այդ գործընթացներին նախորդել են մի շարք զարգացումներ,
ներառյալ՝ Թուրքիայի և Իսրայելի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ ադրբեջանական ռազմաքաղաքական
ղեկավարության ակտիվ հանդիպումները, Իսրայելից, Չեխիայից ու Թուրքիայից սպառազինությունների
ներկրման ինտենսիվացումը, հրադադարի խախտման դեպքերի կտրուկ աճը, հայկական կողմերին
ուղղված կեղծ մեղադրանքները: Իսկ վերոնշյալ տեղաշարժերն ուղեկցվել են ադրբեջանական
սոցցանցային տիրույթում բազմաթիվ տեսանյութերի ու ռազմաշունչ կոչերի հրապարակմամբ,
ինչն ակնհայտորեն թույլատրված ու կազմակերպված էր իշխանությունների կողմից:

Ակնհայտ է, որ Ադրբեջանը նախապատրաստում է ռազմական գործողություններ՝
հընթացս փորձելով հոգեբանական ճնշում գործադրել Արցախի և Հայաստանի Հանրապետությունների
իշխանությունների ու հասարակությունների վրա, ինչպես նաև ստուգել հայկական կողմերի
և տարածաշրջանային ու գլոբալ դերակատարների արձագանքը: Այս իրավիճակում շատ կարևոր
է, որ դիվանագիտական բոլոր գործիքակազմերը կիրառվեն հնարավոր ռազմական ագրեսիայի կանխման
ուղղությամբ՝ բնականաբար, միաժամանակ հնարավորինս պատրաստվելով հավանական ագրեսիան
ռազմական միջոցներով դիմակայելուն: Մեկ բան հստակ է. մինչև ռազմական գործողությունների
մեկնարկի պահը հնարավոր է կանխել դրանք:

Դիվանագիտական ջանքերի արդյունավետության համար այս փուլում չորս
հիմնական սկզբունք կառանձնացնեի, որոնք պետք է Հայաստանի ու Արցախի իշխանությունները
հաշվի առնեն՝

 1. Հայկական կողմերը երբեք չպետք է միջազգային դերակատարների մոտ
ապակառուցողական կողմի տպավորություն թողնեն՝ մշտապես բաց լինելով կառուցողական բանակցությունների
ու առաջընթացի համար: Դրա համար շատ կարևոր է արդյունավետ բաց և փակ հաղորդակցությունը
բոլորի հետ՝ զգույշ լինելով, որ հանկարծ երկուստեք ավելորդ ակնկալիքներ չձևավորվեն
այդ հարաբերություններում և հստակորեն ներկայացնենք ու հիմնավորենք մեր դիրքորոշումները
և դրանց հիմքում ընկած շահերն ու պահանջմունքները:

 2. Պետք է հատկապես այսպիսի փխրուն ժամանակահատվածներում իշխանությունները
զերծ մնան մեր անվտանգային միջավայրի որևէ գործոն թուլացնելու գործողություններից:
Այս պահին մեր անելիքը պետք է լինի հակառակը՝ ուժեղացնել բոլոր գործոնները և խուսափել
անվտանգային վակուումի ձևավորումից, այլապես այդ վակուումը կարող է դառնալ ցնցում առաջացնող
ճեղքը, որին սպասում է Ադրբեջանը: Այդ համատեքստում կարևոր սկզբունքներից է այն, որ
մենք պետք է հնարավորինս խուսափենք գերտերությունների միջև հակամարտություններում ակտիվ
գործիք լինելուց մյուսների դեմ, քանի որ մեր նման փոքր երկրները բավարար ռազմավարական
կապիտալ չունեն գերտերությունների նույնիսկ «խանդին» դիմակայելու համար:

 3. Պետք է գտնել Ադրբեջանի այն խոցելի տեղերը, որոնց ուղղությամբ
հնարավոր է կարճ ժամկետում բարձրացնել նրա թշնամական կամ նույնիսկ ապակառուցողական
գործողությունների գործնական գինը: Արցախի ցեղասպանական պաշարումը և անցած տարվա սեպտեմբերին
ՀՀ տարածքների գրավումը լավագույն հիմքերն են Հայաստանի համար, որ Եվրոմիությունից
ու ԱՄՆ-ից պահանջի Ադրբեջանի և նրա իշխանությունների ու տարբեր հանցագործություններ
կատարած անձանց դեմ պատժամիջոցների կիրառում: Կարծում եմ՝ Հայաստանը շատ է հապաղել
Ադրբեջանի դեմ պատժամիջոցներն իր արտաքին քաղաքական օրակարգ մտցնելու հարցում, ինչի
հետևանքով Ադրբեջանը լրիվությամբ մարսել է սեպտեմբերյան ագրեսիան ու ՀՀ տարածքների
շարունակական օկուպացիան, իսկ հիմա էլ շարունակում է մարսել Արցախի ժողովրդի ցեղասպանությունը:
Քանի դեռ Հայաստանը կոնկրետ գործնական ու հիմնավոր պահանջ-առաջարկներ չի ներկայացրել
իր գործընկերներին, նրանք շարունակելու են խաղալ տեխնիկական միջնորդի դեր՝ մոռանալով
միջազգային անվտանգության ու խաղաղության պաշտպանության և ցեղասպանությունների կանխարգելման
հարցում իրենց պարտավորությունները:

 Իհարկե, Ռուսաստանի, Իրանի և այլ դերակատարների հետ հարաբերությունների
միջոցով նույնպես կարելի է զգալիորեն բարձրացնել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների
գինը և դրանով զսպել նրան, բայց այդ հարաբերությունները պետք է անպայմանորեն հաշվի
առնեն նաև նախորդ երկու սկզբունքները:

4. Անշուշտ, Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի զսպման գլխավոր գործոններից
մեկը Հայաստանի զինված ուժերի և Արցախի Պաշտպանության բանակի դիմադրելու կարողությունն
է: Մենք որքան ավելի պատրաստ լինենք հնարավոր ռազմական ագրեսիայի գինը բարձրացնելու
նաև ռազմական միջոցներով, Ադրբեջանի իշխանություններն այնքան ավելի դժվարությամբ կկայացնեն
Արցախի ու Հայաստանի վրա հարձակվելու որոշումը:

Վերջում հիշեցնեմ, որ մենք պատերազմ չենք ուզում և մշտապես պատրաստ
ենք խաղաղ բանակցություններով կարգավորելու հակամարտությունները, սակայն դա չի կարող
լինել «խաղաղ միջոցներով» մեր ժողովրդին ցեղասպանելու և այլ ծանր հանցագործությունների
պայմաններում»: