
Բաքուն պետք է պատասխանատվության ենթարկվի հայ ժողովրդի դեմ իրականացված պատերազմական հանցագործությունների համար․ The Jerusalem Post
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունը լուռ և հմտորեն մշակել է մի ծրագիր, որը խոստանում է ամրապնդել երկրի կապերը Ադրբեջանի հետ: Վերջին շաբաթներին Նեթանյահուն և նրա աջակողմյան կոալիցիայի անդամները լոբբինգ են իրականացրել Թրամփի վարչակազմում՝ Աբրահամի համաձայնագրում Ադրբեջանին ներգրավելու համար ՝ ԱՄՆ-ի և Ադրբեջանի հետ «եռակողմ համագործակցության ամուր հիմք» ստեղծելու հույսով։ Այս մասին նշվել է The Jerusalem Post-ում հրապարակված հոդվածում։
Ինչպես ընդգծվել է, այս գաղափարի կողմնակիցները կարծում են, որ Ադրբեջանը կարող է դիմակայել Իրանի սպառնալիքին և բնական ռեսուրսների իր հսկայական պաշարով դառնալ այլընտրանք ռուսական գազին: Ոմանք նույնիսկ փորձել են վերակառուցել և դիրքավորել Ադրբեջանին որպես դեպի Արևմուտք կողմնորոշված պետություն: Բայց ԱՄՆ-Իսրայել-Ադրբեջան ցանկացած դաշինքի ստեղծումը լուրջ սխալ կլինի։
Սկզբի համար Ադրբեջանը արևմտամետ պետություն չէ և ԱՄՆ-ի հետ չի կիսում նույն ժողովրդավարական սկզբունքներն ու արժեքները։ Դա մի երկիր է, որը ղեկավարում է նավթային դիկտատոր Իլհամ Ալիևը, ով չի հարգում մարդու իրավունքները և օգտագործել է իր երկրի նավթն ու գազը գործարքային դիվանագիտության և աշխարհաքաղաքական տարբեր փոխզիջումների համար:
Ինչպես նշվել է, նախքան Ադրբեջանին աշխարհի սեղանի շուրջ տեղ հատկացնելը, Բաքուն պետք է պատասխանատվության ենթարկվի հայ ժողովրդի դեմ իրականացված պատերազմական հանցագործությունների համար, այդ թվում՝ 2023 թվականի սեպտեմբերին իրենց պապենական հայրենիքից՝ Լեռնային Ղարաբաղից ավելի քան 120,000 հայերի էթնիկ զտումների, ինչը հայերի ամենամեծ տեղահանումն էր 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից ի վեր։
Նրանք նաև պետք է ազատ արձակեն ապօրինի պահվող հայ քաղբանտարկյալներին, այդ թվում՝ մարդասեր Ռուբեն Վարդանյանին, ով անարդարացիորեն ձերբակալվել էր Ադրբեջանի կառավարության կողմից՝ փորձելով լքել Լեռնային Ղարաբաղը և ենթարկվել կեղծ դատավարության՝ առանց որևէ պատշաճ ընթացակարգի։
Ադրբեջանը կարգադրել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) լքել երկիրը՝ սահմանափակելով հայ քաղբանտարկյալների միակ մուտքն արտաքին աշխարհ և նրանց վիճակի մասին զեկուցելու հնարավորությունը։
Այս օրինազանցություններն անտեսելը սխալ հաղորդագրություն է ուղարկում բռնակալներին, թե նրանք կարող են անպատիժ գործել: Այս կեղծ պատրվակներով Ադրբեջանին փառաբանելու և նրանց չարագործության վրա աչք փակելու փոխարեն, միջազգային հանրությունը պետք է նրանց վերաբերվի որպես ռեպրեսիվ պետության, որը շատ առումներով ավելի շատ ընդհանրություններ ունի Թեհրանի, քան Վաշինգտոնի հետ:
Միանգամայն ուշագրավ է, որ մի երկիր, որը հիմնադրվել է ցեղասպանության հետևանքով, այսօր օգնում է մեկ այլ երկրի իրականացնել ցեղասպանություն: Դա հենց այն է, ինչ կատարվում է հենց հիմա Իսրայելի և Ադրբեջանի միջև։ Ըստ Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի, որը հետևում է զենքի վաճառքին, Իսրայելն Ադրբեջանին մատակարարել է իր զինանոցի 70%-ը 2016-2020 թվականներին: Այդ զենքերից շատերը, այդ թվում՝ հեռահար հրթիռներ և պայթող անօդաչու թռչող սարքեր, օգտագործվել են Ադրբեջանի կողմից՝ գրավելու Լեռնային Ղարաբաղը: