Ադրբեջանի կողմից առևանգված և ապօրինի ազատազրկված ուսանողները վերադարձվել են
Ադրբեջանցիների կողմից կամայական կերպով առևանգվում և ազատությունից
զրկվում են քաղաքացիական անձինք, շրջափակման մեջ է պահվում 120 000 բնակչություն․
այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 17:45-ի սահմաններում, ադրբեջանական կողմը
վերադարձրել է օգոստոսի 28֊ին ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Արցախից
Հայաստան տեղափոխվելու ժամանակ առևանգված և ապօրինի ազատազրկված ուսանողներ Ալեն Սարգսյանին,
Վահե Հովսեփյանին և Լևոն Գրիգորյանին։
Տղաների փոխանցումը հայկական կողմին տեղի է ունեցել ռուս խաղաղապահների
մասնակցությամբ Հակարիի կամրջի մոտ։ Նրանք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն։
Ալեն Սարգսյանի, Վահե Հովսեփյանի և Լևոն Գրիգորյանի առևանգման մանրամասների,
Ադրբեջանի կողմից կամայական և ապօրինի ազատազրկման ընթացքում նրանց նկատմամբ վերաբերմունքի
և առողջական իրավիճակի մասին Արցախի ՄԻՊ հաստատության կողմից կիրականացվի ուսումնասիրություն։
Քաղաքացիական անձանց՝ մասնավորապես Վագիֆ Խաչատրյանի, Ռաշիդ Բեգլարյանի,
Ալեն Սարգսյանի, Վահե Հովսեփյանի և Լևոն Գրիգորյանի առևանգումն ու կամայական ազատազրկումը,
Ադրբեջանի կողմից կեղծ և շինծու քրեական գործերի հարուցումը աներկբա փաստում են, որ
Հակարիի կամրջի մոտ տեղակայված ադրբեջանական անօրինական անցակետը ուղիղ և անհերքելի
սպառնալիք է Արցախի քաղաքացիական բնակչության ֆիզիկական գոյության և հիմնարար իրավունքների
պաշտպանության համար։
Այսպես կոչված անցակետը վեր է ածվել ադրբեջանական հանցավոր կամայականությունները
սպասարկելու գործիքի, որով ադրբեջանցիների կողմից կամայական կերպով առևանգվում և ազատությունից
զրկվում են քաղաքացիական անձինք, շրջափակման մեջ է պահվում 120 000 բնակչություն՝ զրկված
հումանիտար հասանելիությունից և մարդու տարրական իրավունքների պաշտպանության հնարավորությունից»,-
գրել է Ստեփանյանը։