
Իսլանդիայի Ռեյկյանես թերակղզում հրաբուխ է ժայթքել
Իսլանդիայի հարավ-արևմուտքում գտնվող Ռեյկյանես թերակղզում հրաբուխ է ժայթքել. տեղեկացնում է BBC-ն։
Նախքան հրաբխի ժայթքումը տարհանվել են մոտակա Գրինդավիկ քաղաքի բնակիչները և հայտնի զբոսաշրջային վայր հանդիսացող «Blue Lagoon» երկրաջերմային առողջարանային համալիրում գտնվող մարդիկ:
Իսլանդիայի օդերևութաբանական գրասենյակը հայտնել է, որ ժայթքումը սկսվել է ապրիլի 1-ին՝ տեղական ժամանակով ժամը 09:45-ին, Գրինդավիկ փոքրիկ քաղաքից հյուսիս: Մեկ ժամվա ընթացքում գետնի մեջ բացված ճեղքը 700 մ լայնություն ուներ և շարունակում էր մեծանալ:
Ժայթքմանը նախորդել է երկրաշարժ, որը գրանցվել է տեղական ժամանակով 06:30-ին։ Քաղաքից դուրս և քաղաքի ներսում ճանապարհները շարունակում են փակ մնալ, սակայն թռիչքներ դեռ իրականացվում են։