Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը հարցազրույց
է տվել ֆրանսիական Ouest-France օրաթերթին, որում մասնավորապես ներկայացնում
է հետպատերազմյան Արցախի խնդիրները, Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքները և առաջարկում
կանխարգելել ցեղասպանությունը։
Սերգեյ Ղազարյանը նշում է, որ Ադրբեջանը շարունակում է իր սպառնալից
հռետորաբանությունը և հայերի դեմ ցեղասպանական քաղաքականությունը։
«Սկզբում՝ 2022 թվականի հունվարի 9-ին, խաթարել է Հայաստանից Արցախ
էլեկտրաէներգիայի, իսկ այնուհետև՝ մարտի կեսին՝ նաև գազի մատակարարումը։ Հունիսի
15-ից վերջնականապես լիովին արգելափակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։
Տեղաշարժն այլևս արգելափակված է մարդկանց, սննդամթերքի, դեղորայքի և կենսական անհրաժեշտության
այլ ապրանքների համար։ Ընտանիքները բաժանված են միմյանցից, խաթարված է հիվանդանոցների
բնականոն գործունեությունը: Վառելիքի բացակայության պատճառով գյուղատնտեսական աշխատանք
կատարող անձինք չեն կարողանում հողատարածքները մշակել »,- նշել է նա։
ԱԳ նախարարը կրկին հաստատեց՝ Արցախում տիրող իրավիճակը
հումանիտար աղետ է և հավելեց, որ իրենց պաշարները սպառված են ։
«Միայն մի քանի օրվա ալյուրի ու հացի պաշար ունենք։ Արցախում ամեն
երրորդ մահվան պատճառը սովն ու թերսնումն է։ Պատկերացրեք՝ ինչ է տեղի ունենալու, եթե
այս շրջափակմանը վերջ չդրվի։ Ադրբեջանը սովն օգտագործում է որպես հայերին ոչնչացնելու
գործիք»։
Ղազարյանի խոսքով այս ցեղասպանությունը կանխելու համար պետք է անհապաղ
միջոցներ կիրառել, Երկրների ղեկավարներն ու ՄԱԿ-ը պետք է քաղաքական կամք դրսևորեն։
«Միջազգային հանրությունն ունի ցեղասպանությունները կանխելու պարտավորություն
և կարողություն։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է համապատասխան բանաձև ընդունել՝
կոչ անելով Ադրբեջանին դադարեցնել շրջափակումը։ Միջազգային կազմակերպությունները պետք
է պատժամիջոցներ կիրառեն շրջափակման պատասխանատուների նկատմամբ և բոլոր հնարավոր ճանապարհներով
մարդասիրական օգնություն ուղարկեն, այդ թվում՝ օդային ճանապարհով։ Մենք դիմում ենք
ազատ ու առաջադեմ աշխարհին՝ պաշտպանելու մարդու ու ժողովուրդների իրավունքները։ Եկեք
ժամանակ չվատնենք, քանզի, ի վերջո, խոսքը ցեղասպանության կանխարգելման մասին է»,- ամփոփեց
ԱՀ ԱԳ նախարարը։