
ԵՄ-ը նախատեսում է ստեղծել համատեղ պաշտպանության հիմնադրամ․ Reuters
Եվրամիությունը նախատեսում է ստեղծել միջպետական պաշտպանության համատեղ հիմնադրամ՝ տեխնիկայի գնման համար․ հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով փաստաթղթի նախագծին։
«Եվրամիության ֆինանսների նախարարներն այս շաբաթ կքննարկեն պաշտպանության համատեղ միջպետական հիմնադրամի ստեղծման հարցը, որը կգնի և կունենա պաշտպանական սարքավորումներ և անդամ երկրներից կգանձի վճար դրա օգտագործման համար։ Եվրոպական պաշտպանության մեխանիզմը (EDM), որը նաև վարկեր է տրամադրելու, կընդունի ԵՄ անդամ չհանդիսացող երկրների, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Ուկրաինան կամ Նորվեգիան»,- նշվել է գործակալության հայտարարության մեջ՝ վկայակոչելով փաստաթղթի նախագիծը:
Bruegel վերլուծական կենտրոնի պատրաստած փաստաթուղթը ենթադրում է, որ հիմնադրամը կտրամադրի պաշտպանության ֆինանսավորում՝ առանց առանձին երկրների պետական պարտքերի ավելացման։ Գործակալության տվյալներով՝ նոր հիմնադրամի նախագծի քննարկումը, որը նախատեսվում է անցկացնել շաբաթ օրը Վարշավայում ԵՄ ֆինանսների նախարարությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, համաեվրոպական քննարկման մաս է՝ կապված Ռուսաստանի կողմից ենթադրյալ հնարավոր հարձակման ֆինանսավորման հետ, քանի որ եվրոպացի առաջնորդները հասկանում են, որ այլևս չեն կարող լիովին ապավինել ԱՄՆ-ին իրենց պաշտպանության համար։
Մարտի 19-ին Եվրահանձնաժողովը ներկայացրել է իր նոր պաշտպանական ռազմավարությունը՝ «Եվրոպայի վերազինումը», որը հետագայում վերանվանվել է «Պատրաստվածություն 2030»-ի։ Այն նախատեսում է չորս տարվա ընթացքում հավաքել շուրջ 800 միլիարդ եվրո: Միջոցների մեծ մասն առաջարկվում է ներգրավել եվրոպական պետությունների բյուջեներից (մոտ 650 միլիարդ), իսկ 150 միլիարդը՝ վարկերի տեսքով։ Միևնույն ժամանակ՝ Եվրահանձնաժողովը բյուջետային թեթևացումներ կտրամադրի ԵՄ երկրների համար, ինչպես նաև տարածաշրջանային զարգացման համար հատկացված միջոցները կուղղորդի ռազմական ծախսերին։ «Պատրաստվածություն 2030»-ը նախատեսում է ԵՄ երկրների պաշտպանական ծախսերի ավելացում ՀՆԱ-ի 1,5%–ով։