Արցախի ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները նախագահի թեկնածու են առաջադրել
Արցախի խորհրդարանի 3 ընդդիմադիր ուժերը՝ «Արդարություն» խմբակցությունը,
«Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» և «Արցախի ժողովրդավարական» կուսակցությունը երկրի
նախագահի պաշտոնում առաջադրել են Արցախի պետնախարար նշանակված Սամվել Շահրամանյանի
թեկնածությունը։
«Մենք երեկ երեկոյան փաթեթը ներկայացրել ենք
Ազգային ժողով»,- այս մասին ABC Media-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱՀ ԱԺ պատգամավոր
Մետաքսե Հակոբյանը։
Հարցին՝ իշխող քաղաքական ուժի թեկնածու առաջադրելո՞ւ
է, թե Շահրամանյանը միասնական թեկնածուն է, Հակոբյանը հորդորեց սպասել պաշտոնական
հայտարարության։
«Շատ պատճառներ կան, որ ընդդիմության ընդհանուր
թեկնածուն Սամվել Շահրամանյանն է։ Իր անցած ճանապարհով, իր կենսագրությամբ ապացուցել
է՝ հանուն Արցախի արդարամիտ լինելը, օրինապահ լինելը։ Շատ կարևոր է, որ նախագահի թեկնածուն
կոնսեսունսային լինի»,-նշեց Հակոբյանը։
Պատգամավորի խոսքով՝ թեև այս անգամ նախագահին
ընտրելու է Ազգային Ժողովը, սակայն Շահրամանյանը արցախցիների կողմից ընտրված թեկնածու
կարելի է համարել, քանի որ նրա թեկնածությանը դեմ արտահայտվող որևէ արցախցու չի հանդիպել։