13 Ապր
2025
14° c ԵՐԵՎԱՆ
7.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դատախազը դատարանին խնդրել է ապացուցված ճանաչել Խաչատուրյան քույրերի հոր մեղքը

Դատախազը դատարանին խնդրել է ապացուցված ճանաչել Խաչատուրյան քույրերի հոր մեղքը

Մեղադրող դատախազը խնդրել է ընդունել Մոսկվայում 2018 թվականին սպանված Միխայիլ Խաչատուրյանի մեղքը դուստրերի նկատմամբ բռնություն կատարելու գործով, որն ապացուցված է բոլոր կետերով․ РИА Новости գործակալությանը հայտնել է աղջիկներից մեկի շահերը ներկայացնող փաստաբան Ալեքսեյ Պարշինը։

«Այսօր ելույթ է ունեցել դատախազը։ Նա խնդրել է ապացուցված ճանաչել Խաչատուրյանի մեղավորությունը մեղադրանքի բոլոր կետերով և մահվան հիմքով կարճել նրա գործը», – ասել է փաստաբանը։

Նա հիշեցրել է, որ քույրերի գործը դեռ ընթացքի մեջ է, սակայն դատարանի որոշումը, որը հաստատել է բռնություն կատարելու մեջ նրանց հոր մեղքը, կդառնա նրանց անմեղության ապացույցներից մեկը: Պաշտպանությունը հույս ունի, որ այդ գործը նույնպես կկարճվի։

Ինչպես հետևում է գործի մասին տեղեկանքից, դուստրերի կողմից սպանված Խաչատուրյանին դատում են անչափահասների նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողությունների երկու դրվագով, մի քանի անձանց նկատմամբ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, ինչպես նաև պոռնոգրաֆիկ նյութեր պատրաստելու և համացանցում տարածելու համար։

Հիշեցնենք, որ Միխայիլ Խաչատուրյանը սպանվել էր 2018 թվականի հուլիսի 27-ի երեկոյան՝ Մոսկվայի Ալտուֆևսկոյե խճուղու իր բնակարանի մոտ: 57-ամյա տղամարդու մարմնի վրա փորձագետները մուրճի ու որսորդական դանակի հասցված բազմաթիվ վերքեր են հայտնաբերել։

Քույրերն ընդունել են սպանության մեղքը։ Կրտսեր աղջկան՝ Մարիային (սպանության պահին անչափահաս), դատարանը անմեղսունակ է ճանաչել, իսկ բոլոր երեք աղջիկներն էլ գործով տուժող են ճանաչվել այն բանից հետո, երբ ապացուցվել են հոր կողմից բռնություն կատարելու փաստերը: Փորձաքննությունները հաստատել են, որ Միխայիլ Խաչատուրյանը բազմիցս ծեծել է դուստրերին, նրանց դեմքին արցունքաբեր գազ փչել, սպառնացել զենքով և բռնաբարել, ինչի կապակցությամբ փաստաբանները պնդում են, որ Անգելինայի, Քրիստինայի և Մարիայի գործողությունները հանդիսացել են անհրաժեշտ ինքնապաշտպանություն:

Ռազմագերիներ