
ԵՄ-ն հստակ հանձնարարականներ է տվել միությանն անդամակցելու թեկնածու երկրներին՝ չմասնակցել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին
Եվրամիությունը հստակ հանձնարարականներ է տվել Եվրամիության թեկնածու երկրներին՝ չմասնակցել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին և չայցելել Ռուսաստան․ լրագրողներին հայտնել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն Լյուքսեմբուրգում ապրիլի 14-ին ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստի շրջանակում։
Բրաժեի խոսքով՝ կիրակի՝ ապրիլի 13-ին, Արևմտյան Բալկանյան երկրների ներկայացուցիչների հետ աշխատանքային ընթրիքի ժամանակ եվրոպական կողմը նրանց հստակ հանձնարարականներ է տվել՝ չմասնակցել մայիսի 9-ին նվիրված մոսկովյան տոնակատարություններին։
«Երեկ մենք զբաղված երեկո ունեցանք Արևմտյան Բալկանյան մեր գործընկերների հետ ընթրելով… Շատ քննարկումներ եղան արժեքների, ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության, այդ թվում՝ պատժամիջոցների համակարգման մասին: Սա ներառում է շատ հստակ հրահանգներ ԵՄ անդամ երկրների կողմից թեկնածուներին՝ չմասնակցել մայիսի 9-ի շքերթին Մոսկվայում, չանել նման ուղևորություններ, քանի որ դա չի համապատասխանում ԵՄ արժեքներին»,- ասել է Բրաժեն: