
Եվրոպայում 2024 թվականին մահացու ջրհեղեղներից ու փոթորիկներից տուժել է ավելի քան 400 հազար մարդ
Անցյալ տարի Եվրոպան ավերած փոթորիկներից և ջրհեղեղներից տուժել է 413,000 մարդ. նշվել է եվրոպական պետություններում կլիմայի վիճակի մասին զեկույցում, որի արդյունքները հրապարակել է The Guardian-ը։ Ինչպես նշվել է, հանածո վառելիքի պատճառով առաջացած աղտոտվածությունը հանգեցրել է իր պատմության մեջ մայրցամաքի ամենաշոգ տարվան։
Հեղեղված փողոցներում կուտակված մեքենաների և հեղեղներից ավերված կամուրջների դրամատիկ տեսարաններն անպակա չեն եղել մայրցամաքում 2024 թվականին։ Ըստ զեկույցի՝ Եվրոպայում գետերի 30% -ը «բարձր» հեղեղումների են ենթարկվել, իսկ 12%-ը՝ հատել է «դաժան» ջրհեղեղի շեմը:
Երկու առավել կործանարար օրինակները սեպտեմբերին Կենտրոնական Եվրոպայում և հոկտեմբերին արևելյան Իսպանիայում հեղեղումներն են, որոնք 2024 թվականին մայրցամաքում գրանցված ջրհեղեղներից 335 մահացության դեպքերից ավելի քան 250-ի պատճառն են դարձել:
Նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աղետներն ավելի ուժեղ և հավանական են դարձել գլոբալ տաքացման պատճառով։
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (WMO) գլխավոր տնօրեն Սելեստե Սաուլոն նշել է, որ ջերմաստիճանի բարձրացման «յուրաքանչյուր լրացուցիչ կետ» կարևոր է, բայց հասարակությունները նույնպես պետք է հարմարվեն ավելի տաք աշխարհին:
Հարավարևելյան Եվրոպան ռեկորդային ամենաերկար շոգն է ապրել 2024 թվականի հուլիսին, ինչը դարձել է ավերիչ անտառային հրդեհների պատճառ։ Դրանց պատճառով տուժել է 42,000 մարդ։ Անցյալ տարի Եվրոպայի այրված տարածքի մոտ մեկ քառորդը բաժին է ընկել սեպտեմբերին Պորտուգալիայում տեղի ունեցած ավերիչ անտառային հրդեհներին, որոնք մեկ շաբաթվա ընթացքում այրել են մոտ 110,000 հեկտար տարածք:
Զեկույցի հեղինակներն ընդգծել են «անսովոր» հակադրությունն արևմտյան և արևելյան Եվրոպայի միջև, որտեղ Արևմուտքը հակված է խոնավ և ամպամած լինելուն, իսկ Արևելքը՝ տաք և արևոտ: Գետերի հոսքերը միջինից բարձր էին արևմտյան երկրներում և միջինից ցածր՝ արևելյան երկրներում:
Եվրոպան տաքանում է երկու անգամ ավելի արագ, քան համաշխարհային միջին ցուցանիշը, բայց ավելի արագ է կրճատել մոլորակի տաքացման պատճառ դարձած աղտոտվածությունը, քան մյուս խոշոր տնտեսությունները:
Greenpeace EU-ի աշխատակից Թոմաս Գելինի խոսքով՝ զեկույցը ցույց է տալիս, որ քաղաքական գործիչները չեն կարողացել պատասխանատվության ենթարկել հանածո վառելիքի ընկերություններին և դադարեցնել նրանց աղտոտող բիզնեսի ընդլայնումը: