Դավիթ Իշխանյանը նամակներ է ուղարկել Ռուսաստան, Իրան, Ֆրանսիա, ԱՄՆ, Եվրախորհրդարան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի
նախագահ Դավիթ Իշխանյանը նամակներ է ուղարկել
Ռուսաստանի Դաշնության Պետդումայի, Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի, Ֆրանսիայի
Հանրապետության Սենատի, ԱՄՆ Սենատի, ԱՄՆ Կոնգրեսի, ինչպես նաև Եվրախորհրդարանի խոսնակներին:
Նամակները Երևանում փոխանցվել են այդ երկրների դեսպանատներին, տեղեկանում ենք Արցախի խորհրդարանի էջից։
«Ներկայացնելով Արցախի ժողովրդի իրավունքներն
ու տիրող հումանիտար ճգնաժամը և Ադրբեջանի
կողմից կիրառված շրջափակումը՝ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանի նպատակը հայ ժողովրդին
սովի մատնելն ու ցեղասպան քաղաքականության շարունակությունն է:
«Հազարամյակներ շարունակ Արցախը եղել է հայկական
քաղաքակրթության ամրոց և վաղ քրիստոնեության կենտրոն: Արցախի ժողովուրդը երկար ժամանակ
պայքարել է իր ազատության և ինքնորոշման համար՝ անհաղթահարելի թվացող ուժերի դեմ՝ Օսմանյան
կայսրության ցեղասպան ռեժիմի սարսափից մինչև խորհրդային իշխանության ճնշումը։ Եվ այսօր,
չնայած Ադրբեջանի դաժան ռեժիմից բխող մշտական սպառնալիքին, մենք կառուցել ենք ժողովրդավարական
հասարակություն, որին շատերն են ձգտում»,- շեշտված է նամակում:
Դավիթ Իշխանյանը ակնկալում է, որ այդ
երկրների խորհրդարանները քաղաքական ու դիվանագիտական խոովակներով ճնշումներ
բանեցնեն ադրբեջանական սպառնալիքները չեզոքացնելու և մարդկանց հիմնարար ու անօտարելի իրավունքների պաշտպանելու
համար»,- նշված է հաղորդագրությունում: