
Թուրքական ընդդիմությունը ներկայացրել է Էրդողանի դեմ պայքարի ռազմավարությունը
Թուրքական ընդդիմությունը եռաքայլ ծրագիր է մշակել, որով նպատակ ունի պայքարել հանրապետության ներկայիս ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ․ Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է երկրի գլխավոր ընդդիմադիր կուսակցության՝ CHP-ի ղեկավար Օզգյուր Օզելը։
Այսպես, ըստ բանախոսի, սկզբում նախատեսվում է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին ազատ արձակելու և երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու ստորագրահավաք։ Ընդդիմությունը մտադիր է ավելի քան 30 միլիոն ստորագրություն հավաքել՝ երկու տարի առաջ տեղի ունեցած ընտրություններում Էրդողանի օգտին քվեարկած մարդկանց թիվը գերազանցելու համար։
Այնուհետև Ստամբուլում ընդդիմությունը խոստանում է հանրահավաքներ անցկացնել ամեն չորեքշաբթի, իսկ երկրի այլ շրջաններում՝ մյուս օրերին։
Սակայն երրորդ քայլը, Օզելի կարծիքով, ամենադժվարն է։ Այն ներառում է բնակչության, հատկապես երիտասարդների շրջանում Էքրեմ Իմամօղլուի ժողովրդականությունը մեծացնելու ծրագիր։ Սակայն դեռ պարզ չէ, թե ինչպես է ընդդիմությունը նախատեսում դա անել։
Իմամօղլուն հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ է և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առանցքային մրցակիցը: Նա ձերբակալվել է մարտի 19-ին և չորս օր անց պաշտոնապես կալանավորվել՝ կոռուպցիայի և ահաբեկչության մեղադրանքով: Նրա ձերբակալությունը Թուրքիայում վերջին տասնամյակի ընթացքում ամենախոշոր բողոքի ցույցերի պատճառ դարձավ: Բողոքի ցույցերին մասնակցած գրեթե 2000 մարդ բերման է ենթարկվել ողջ երկրի տարածքում։