
4 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Կատարում ընթացող աշխարհի գավաթի եզրափակիչ
Կատարի Դոհա քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի հինգերորդ փուլում եզրափակիչ է դուրս եկել Հայաստանի չորս ներկայացուցիչ` Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը, Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը․ հայտնում է Հայաստանի սպորտային մարմնամարզության ֆեդերացիան։
Համլետ Մանուկյանը նժույգ թափեր վարժությունում զբաղեցրել է առաջին տեղը։ Նույն վարժությունում Մամիկոն Խաչատրյանը զբաղեցրել է վեցերորդ տեղն ու դուրս եկել եզրափակիչ։
Օղակներ վարժությունում որակովորումը հաջողությամբ են անցել Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը։
Խորվաթիայում ընթացող աշխարհի գավաթի նախորդ՝ չորրորդ փուլում Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ էր նվաճել նժույգ թափեր վարժությունում, իսկ Արթուր Ավետիսյանը բրոնզ էր նվաճել օղակներ վարժությունում։
Արթուր Դավթյանը հենացատկ վարժության արդյունքներով զբաղեցրել էր երրորդ տեղը։