
Լոնդոնում ավարտվել են Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների բանակցությունները
Լոնդոնում ավարտվել են Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների բանակցությունները, որի ընթացքում քննարկվել են Ուկրաինայում արդար և կայուն խաղաղություն հաստատելու քայլերը․ գրում է Корреспондент. net կայքը՝ հղում տալով Ուկրաինայի նախագահի գրասենյակին։
Նշվում է, որ Լոնդոնում կայացած հանդիպումը շարունակությունն է նախորդ շաբաթ Փարիզում տեղի ունեցած բանակցությունների։ Միջոցառումն անցկացվել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ պաշտոնական նստավայրում՝ նախարար Դևիդ Լամիի հրավերով։
Ուկրաինական կողմից հանդիպմանը մասնակցել են արտգործնախարար Անդրեյ Սիբիգան, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը և նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։
Եվրոպական երկրների կողմից՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելը, Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական խորհրդական Էմանուել Բոնը և Գերմանիայի կանցլերի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդական Յենս Պլյոտները։
«Կողմերը վերահաստատել են իրենց նվիրվածությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղ նախաձեռնություններին՝ պատերազմը հնարավորինս շուտ ավարտելու և արդար ու կայուն խաղաղություն հաստատելու համար։ Լոնդոնում կայացած հանդիպման մասնակիցները համաձայնվել են շարունակել երկխոսությունն ու պարբերական շփումները՝ Ուկրաինայի համար կայուն խաղաղություն հաստատելու հիմնական նպատակը իրականացնելու ուղղությամբ», – նշված է հաղորդագրության մեջ։