
Զանգվածային հոսանքազրկումներ Իսպանիայում և Պորտուգալիայում
Իսպանիայում և Պորտուգալիայում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են տեղի ունեցել․ գրում է The Guardian–ը։
The Sun-ի փոխանցմամբ՝ որոշ հիվանդանոցներ չեղարկել են երկուշաբթի նախատեսված բոլոր վիրահատությունները, դադարեցվել են գնացքների ծառայությունները, մի շարք օդանավակայաններում չեղարկվել են թռիչքները:
Իսպանական Red Electrica էլեկտրացանցի օպերատորը հայտարարել է, որ խնդրի լուծման նպատակով ակտիվացրել է իր «բոլոր ռեսուրսները»։
Նշվում է, որ հոսանքազրկումներից տուժել է Պիրենեյան թերակղզին, որի ընդհանուր բնակչությունը կազմում է ավելի քան 50 միլիոն մարդ։ Իսպանիայի հանրային հեռարձակող RTVE-ն հայտնել է, որ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 12:30-ին երկրի մի քանի շրջաններում էլեկտրաէներգիայի խոշոր անջատումներ են տեղի ունեցել։
Բարսելոնայում և քաղաքի արվարձաններում բնակիչները WhatsApp-ի չաթերի միջոցով նույնպես հայտնել են խափանումների մասին։
Մոտ 10.6 միլիոն բնակչություն ունեցող Պորտուգալիայում էլեկտրաէներգիայի անջատումներից տուժել են մայրաքաղաք Լիսաբոնը, ինչպես նաև երկրի հյուսիսային և հարավային շրջանները։
Պորտուգալական Expresso թերթի հաղորդմամբ՝ անջատումները պայմանավորված են «եվրոպական էլեկտրաէներգետիկ համակարգի հետ կապված խնդրով»։
Expresso-ի փոխանցմամբ՝ ընկերությունը հայտարարել է, որ ցանցը կայունացնելու համար ստիպված է եղել որոշ տարածքներում անջատել էլեկտրաէներգիան։