
Տարածքային ամբողջականությունը հարգելով՝ հնարավոր է լուծել տարածաշրջանի խնդիրները տարածաշրջանի երկրների հետ․ Փեզեշքիան
Ադրբեջանի և Իրանի նախագահները քննարկել են եռակողմ համագործակցության նախագծեր։ Դրանց մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ներն, այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ մամուլի ասուլիսում։
Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանն իր տարածքում իրականացրել է այս տրանսպորտային միջանցքի գործունեության համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքային նախագծերը. «Ներկայումս մենք պարզապես ընդլայնում ենք մեր տրանսպորտային հնարավորությունները և ենթակառուցվածքները՝ հաշվի առնելով աճող ընդհանուր բեռների ծավալը»։
Փեզեշքիանն, իր հերթին, նշել է, որ երկու երկրները կարող են միասին լուծել իրենց խնդիրները։ Իրանի նախագահը հայտարարել է, որ տարածքային ամբողջականությունը հարգելով՝ հնարավոր է լուծել տարածաշրջանի խնդիրները տարածաշրջանի երկրների հետ։
«Մենք կարող ենք բացել ճանապարհներ և միջանցքներ Հյուսիսից Հարավ, Արևելքից Արևմուտք։ Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր միջև անհամաձայնություն սերմանվի։ Մեր երկրների միջև կան նաև կապեր, որոնք ոչ ոք չի կարող խզել։ Ես տեսնում եմ նախագահ Իլհամ Ալիևի կամքը։ Սա նաև մեր կամքն է։ Մենք վճռական ենք, և ես զգում եմ եղբորս վճռականությունը։ Մենք կարող ենք լավ ապագա ստեղծել և՛ Իրանի, և՛ Ադրբեջանի համար», – նշել է Փեզեշքիանը՝ հավելով, որ Իրանը ձգտելու է Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերություններ կառուցել բոլոր ոլորտներում։
Իրանի նախագահը նաև նշել է, որ մոտ ապագայում կրկին կայցելի Ադրբեջան։
«Որոշ ժամանակ անց ես կրկին կլինեմ եղբորս հյուրը։ Այստեղ ինձ օտար չեմ զգում։ Իրանում տեղի ունեցած պայթյունի պատճառով՝ չեմ կարող երկար մնալ», – նշել է Փեզեշքիանը։