
Մեզ կործանեց հենց նա, ով մի ժամանակ օգնել էր կառուցել այս անառիկ պատերը․ Վրաստանում ըննդիմադիր TV-ին դադարացրել է հեռարձակումը
Վրացական ընդդիմադիր «Մտավարի Արխի» հեռուստաալիքը դադարեցրել է հեռարձակումը ֆինանսական դժվարությունների պատճառով։ Այս մասին նշվել է հեռուստաալիքի տարածած հաղորդագրության մեջ։
«Մենք դիմացանք անհնարինին, բայց, ինչպես, ցավոք, հաճախ է պատահել Վրաստանի պատմության մեջ, մեր ամրոցը կոտրվեց ներսից, արտաքին թշնամին չկարողացավ հաղթահարել մեզ։ Մեզ կործանեց հենց նա, ով մի ժամանակ օգնել էր կառուցել այս անառիկ պատերը։ Մեր հիմնադիրներից մեկը հանգեցրեց «Մտավարի Արխի»-ի փակմանը՝ անձնական նպատակների կամ վրեժխնդրության պատճառով»,- նշվել է հայտարարությունում։
Հեռուստաալիքը գործել է 5 տարի 8 ամիս և այս ընթացքում բախվել է բազմաթիվ դժվարությունների։ Հեռարձակման ավարտից հետո կմնա միայն «Մտավարի Արխի»-ի թվային բաժինը՝ կթարմացվեն սոցիալական ցանցերը և հեռուստաալիքի կայքը։
2024 թվականի դեկտեմբերին «Մտավարի Արխի»-ի գործադիր տնօրեն Գիորգի Գաբունիան հայտարարել է, որ հեռուստաալիքի սեփականատերերից մեկը՝ գործարար Զազա Օկուաշվիլին, որոշել է փակել այն։ Գաբունիան Օկուաշվիլիին մեղադրել է իշխող «Վրացական երազանք/ժողովրդավարական Վրաստան» կուսակցության շահերից ելնելով գործելու մեջ։ Փետրվարի կեսերին հեռուստաալիքը սահմանափակել է իր հեռարձակումը՝ ֆինանսական ճգնաժամի պատճառով դադարեցնելով ուղիղ եթերում հեռարձակվող հաղորդումները, այդ թվում՝ լրատվական թողարկումները։
«Մտավարի Արխի» հեռուստաալիքը հիմնադրվել է 2019 թվականին ներկայիս ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկա Գվարամիայի կողմից, որը նախկինում ղեկավարում էր «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը։ Դատական գործընթացները պարտվելուց հետո «Ռուսթավի 2»-ն անցել է այլ սեփականատերերի և դադարեցրել լինել ընդդիմադիր ալիք, իսկ Գվարամիան լրագրողների թիմի հետ հիմնադրել է «Մտավարի Արխի»-ն՝ շարունակելով գործող կառավարության դեմ ուղղված խմբագրական քաղաքականություն։