03 Մայ
2025
20.3° c ԵՐԵՎԱՆ
8.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չինաստանը գնահատում է առևտրային բանակցություններ սկսելու վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկները

Չինաստանը գնահատում է առևտրային բանակցություններ սկսելու վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկները

Չինաստանը ներկայումս գնահատում է Միացյալ Նահանգների առաջարկները՝ ուղղված երկու երկրների միջև առևտրային բանակցությունների վերսկսմանը․ այս մասին հայտարարել է  Չինաստանի առևտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը՝ ընդգծելով Պեկինի դիրքորոշման որոշակի մեղմացումը, որը կարող է ճանապարհ հարթել բանակցությունների համար, գրում է CNN-ը։

«Վերջերս Միացյալ Նահանգները մի շարք ուղերձներ է փոխանցել Չինաստանին համապատասխան ուղիներով՝ ակնկալելով սկսելու բանակցություններ։ Չինաստանը ներկայումս այդ առաջարկները ուսումնասիրում է»,-ասել է խոսնակը:։

Ըստ հեռուստաալիքի՝ նման մեկնաբանությունները վկայում են Պեկինի կողմից կոշտ դիրքորոշման որոշակի վերանայման մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք սկսված սակագնային պատերազմը զգալիորեն սրեց երկու երկրների հարաբերությունները, իսկ Պեկինը մինչ այժմ հետևողականորեն մերժում էր բանակցությունների մեկնարկի հնարավորությունը։

Թրամփը վերջին օրերին բազմիցս նշել էր, որ ԱՄՆ-ը բանակցություններ է վարում Չինաստանի հետ՝ հնարավոր առևտրային գործարք կնքելու շուրջ։ Սակայն Պեկինը նախկինում կտրուկ հերքել էր նման պնդումները։

Չինաստանի առևտրի նախարարությունը, միևնույն ժամանակ, նշել է, որ ցանկացած բանակցություն պետք է հիմնված լինի նախապայմանների կատարման վրա։

«Սակագնային և առևտրային պատերազմը միակողմանիորեն սկսվել է ԱՄՆ-ի կողմից։ Եթե նրանք ցանկանում են վերադառնալ բանակցությունների սեղան, պետք է դրսևորեն իսկական անկեղծություն։ Սա ենթադրում է պատրաստակամություն՝ ուղղելու իրենց սխալները և չեղարկելու միակողմանի սակագների բարձրացումը»,- նշված է հայտարարության մեջ։

Պաշտոնյան հավելել է, որ Չինաստանի դիրքորոշումը չի փոխվել․ եթե սա պայքար է, Պեկինը պատրաստ է այն հասցնել ավարտին։

«Եթե սա բանակցություն է, ապա դուռը բաց է»,-հավելել է պաշտոնյան։

Ռազմագերիներ