
«Խաղաղությունը» ճնշման տակ. Հայաստանը ռազմավարական թակարդի առջև է կանգնած․ National Catholic Register
Մարտի 13-ի հայտարարությունից գրեթե երկու ամիս անց, Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր խաղաղության համաձայնագիրը շարունակում է ոգևորիչ արձագանքներ առաջացնել մի շարք արևմտյան մայրաքաղաքներում: Չորս տասնամյակ տևած պատերազմից և դիվանագիտական փակուղուց հետո շատ դիտորդներ ողջունել են այն, ինչը նրանք համարում են պատմական առաջընթաց: Սակայն քննադատները պնդում են, որ դա հավասարների միջև խաղաղության համաձայնագիր չէ, և որ այն, ըստ էության, կարող է ամրագրել Հայաստանի երկարատև ենթարկվածությունը, գրել է National Catholic Register-ը։
Շիլլերի միջազգային համալսարանի պրոֆեսոր և «Conflits» աշխարհաքաղաքական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ Տիգրան Եգավյանը նշել է, որ «Ադրբեջանն ուզում է նվաստացուցիչ խաղաղություն, որը պարզապես կհանգեցնի պատմության վերաշարադրման»։ Նրա խոսքով՝ ավանդական պատերազմն այժմ փոխարինվում է հոգեբանական պատերազմով։
Ինչպես նշվել է, 2020 թվականին Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել, որի արդյունքում՝ ավելի քան 7000 մարդ է զոհվել, և տասնյակ հազարավոր հայեր տեղահանվել են: Ռուսաստանի միջնորդությամբ կնքված փխրուն հրադադարը պաշարման մեջ է թողել ջախջախված հայկական բնակչությանը: 2023 թվականի սեպտեմբերին՝ արագ ռազմական հարձակումից հետո , Ադրբեջանը լիակատար վերահսկողություն է հաստատել ԼՂ-ի նկատմամբ՝ ստիպելով մոտ 120,000 հայերի արտագաղթել մեկ շաբաթից էլ պակաս ժամանակում՝ զանգվածային տեղահանություն, որը շատ դիտորդներ որակել են որպես էթնիկ զտում։
Եգավյանի խոսքով՝ ներկայիս բանակցությունները չեն ծնվում բարի կամքի կամ փոխադարձ զիջումների շնորհիվ։ «Հայերի կոկորդին դանակ է դրված», – նշել է նա։ Փորձագետի խոսքով՝ այս գործընթացը ղեկավարվում է ասիմետրիայով, որի ընթացքում թույլ կողմը ստիպված է լինում ավելի շատ զիջումներ անել, մինչդեռ միջազգային դերակատարները ծափահարում են հաշտեցման փխրուն պատրանքին։
Խաղաղության համաձայնագրի ամբողջական տեքստը չի հրապարակվել։ Այնուամենայնիվ, հրապարակային հայտարարությունների միջոցով հայտնի դարձած մանրամասներում նշվում է Հայաստանի կողմից տարածքային պահանջներից հրաժարվելու, հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժերի տեղակայման արգելքի և միջազգային դատարաններում պատերազմական հանցագործությունների մեղադրանքներից հրաժարվելու մասին։
Ադրբեջանի ամենավիճահարույց պայմաններից մեկն այն է , որ Հայաստանը փոփոխություններ կատարի իր սեփական Սահմանադրությունում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մտադիր է կատարել այն՝ քայլ, որն արդեն իսկ վրդովմունք է առաջացրել երկրում, մասնավորապես՝ քաղաքական ընդդիմության շրջանում :
«Դա աննախադեպ պահանջ է։ Ոչ մի ինքնիշխան երկրից երբեք չի խնդրվել վերանայել իր հիմնարար օրենքը՝ որպես խաղաղության նախապայման», – մեկնաբանել է Եգավյանը։ Նա դա համարում է ազգային ինքնության հարկադիր վերաշարադրում։
Փորձագետի խոսքով՝ ներկայիս համաձայնագիրն ուղղված է աստիճանական ճնշման միջոցով Հայաստանի ինքնիշխանությունը թուլացնելուն՝ միաժամանակ խորացնելով ներքին պառակտումները։ Այս անկման պարույրում Հայաստանը՝ լքված իր պատմական պաշտպան Ռուսաստանի կողմից, քիչ աջակցություն է գտնում Արևմուտքից, որը, Եգավյանի պնդմամբ, կրում է ներկայիս իրավիճակի պատասխանատվության մի մասը։
«ԵՄ-ը աչք փակեց Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա, քանի որ Ադրբեջանը նրա հիմնական էներգետիկ գործընկերն է», – ընդգծել է նա՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքներին և Եվրոպայի կողմից ռուսական գազի մատակարարումները փոխարինելու հրատապ անհրաժեշտությանը։
Նա նաև մատնանշել է այն աջակցությունը, որը Ադրբեջանը ստանում է հզոր, համակարգված «քարոզչական մեքենայից», որը հաճախ նկարագրվում է որպես «խավիարային դիվանագիտության» մոդել ։
Միևնույն ժամանակ, Հայաստանը՝ տնտեսապես և դիվանագիտորեն մեկուսացված, պայքարում է իր դիրքորոշումը միջազգային ասպարեզում լսելի դարձնելու համար։
Եգավյանը շեշտել է, որ ավելի լայն աշխարհաքաղաքական համատեքստը չի կարող անտեսվել։
Իսրայելի նավթի գրեթե 40%-ը գալիս է Ադրբեջանից, և, ըստ որոշ տեղեկությունների, իսրայելական զենքը վճռորոշ դեր է խաղացել Ադրբեջանի ռազմական հաղթանակներում: Թել Ավիվի համար Բաքուն ծառայում է որպես ռազմավարական գործընկեր և առաջնային հենակետ Իրանի հետ դիմակայության մեջ:
Այս հակաիրանական դիրքորոշումն՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի՝ Ռուսաստանի ազդեցությունը զսպելու ցանկության հետ մեկտեղ, ըստ նրա, գերակա են Կովկասում արդարության կամ խաղաղության վերաբերյալ ցանկացած մտահոգության նկատմամբ։ «Ամեն ինչ իշխանության դրսևորման մասին է, ոչ թե՝ սկզբունքների»։
Վարչապետ Փաշինյանի համար իրավիճակն ավելի անկայուն է, քան երբևէ։ Ներքին ընդդիմության և անզիջում արտաքին ճնշման միջև հայտնվելով՝ նա կանգնած է մռայլ ընտրության առաջ։ «Կա՛մ նա կստորագրի խաղաղության համաձայնագիր, որը հավասարազոր է կապիտուլյացիայի, կա՛մ կհրաժարվի և կմեղադրվի խաղաղությունը խոչընդոտելու մեջ», – նշել է Եգավյանը՝ հավելելով՝ եթե նույիսկ Փաշինյանը ստորագրի, Ադրբեջանի պատերազմական ջանքերը չեն դադարի։
Միևնույն ժամանակ, Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական ժառանգությունը մնում է ավելի քան երբևէ վտանգված , և տարածաշրջանից տեղահանված շատ ընտանիքներ դեռևս ապրում են անորոշության մեջ ։
Եգավյանի խոսքով՝ Հայաստանն, իր ներկայիս թուլության վիճակում, ստիպված է լինում մասնակցել սեփական կործանմանը։