Վրաստանում իշխող կուսակցությունը իմպիչմենտի գործընթաց է սկսում երկրի նախագահի դեմ
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը իմպիչմենտի գործընթաց է սկսում
երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դեմ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, կուսակցության
քաղխորհրդի նիստի ավարտից հետո հայտարարել է կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն,
գրում է Netgazeti պարբերականը։
Կոբախիձեի խոսքով՝ դրա պատճառը Սալոմե Զուրաբիշվիլիի արտասահմանյան պաշտոնական հանդիպումներն
են՝ չնայած այն բանին, որ Վրաստանի կառավարությունը նրան դրա իրավունքը չի տվել։
«Վրաստանի Սահմանադրությունը նախատեսում է դրա խախտման միակ իրավական պատասխանը՝ դա
իմպիչմենտն է։ Երեկ և 2 օր առաջ մենք բազմիցս մատնանշել ենք, որ չնայած սահմանադրության
կոպիտ խախտմանը, ներկա քաղաքական իրավիճակում անհնար է իմպիչմենտը հասցնել մինչև վերջ,
դրա համար անհրաժեշտ է 100 պատգամավորի աջակցություն. և, հետևաբար, առանց արմատական
ընդդիմության ձայների, դա իրականացնելու հեռանկար չկա։
Սակայն, չնայած դրան, կուսակցության քաղխորհրդի նիստում մենք որոշեցինք Վրաստանի
նախագահի նկատմամբ իմպիչմենտի ընթացակարգ սկսել։ Առաջին հերթին դա մեր պարտավորությունն
է Վրաստանի Սահմանադրության առջև։ Վրաստանի Սահմանադրության խախտման վրա ցանկացած աչք
փակելը խարխլում է պետությունը, օրենքի գերակայությունը և ժողովրդավարական սահմանադրական
համակարգը, ինչը մենք չենք կարող թույլ տալ»,- ասել է Կոբախիձեն։
Վրաստանի նախագահը որոշել է առանց թույլտվության այցելել եվրոպական երկրներ այն բանից
հետո, երբ Վրաստանի կառավարությունը նախ թույլ չի տվել նրան այցելել Ուկրաինա, ապա արգելափակել է բոլոր միջազգային
այցերը։
Միևնույն ժամանակ, Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան արդեն հայտարարել է, որ
ինքն ու իր կուսակցությունը չեն աջակցելու իր նախկին կուսակցության նախաձեռնած իմպիչմենտի
գործընթացին։