Շառլ Միշելը խոսել է խիզախ փոխզիջումների անհրաժեշտության, Լաչինի միջանցքի և Ակնայի ճանապարհի բացման տարբերակների մասին
ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակը արագորեն վատանում է, տեղի
բնակչության կարիքներին ուղղված քայլեր ձեռնարկելը հրամայական է դարձել․
այս մասին հայտարարություն է տարածել ԵԽ նախագահ Շառլ Միշելի խոսնակը։
«Շառլ Միշելն առաջարկում է քայլ առ քայլ՝ փուլային մոտեցում, որը
կարտացոլի Լաչինի միջանցքի լիարժեք շահագործման և Աղդամի երթուղու բացման հաջորդականությունը։
Այս քայլերի հաջորդականությունը և բեռների տեսակը, որը կմատակարարվի այս ճանապարհներից
յուրաքանչյուրով, ինչպես նաև դրան հաջորդող ընթացակարգերը, եղել են վերջին քննարկումների
առանցքային մասը: ԵՄ-ն խորապես համոզված է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի՝
համաձայն առկա համաձայնագրերի և ՄԻԵԴ կարգադրության։ Նշվում է, որ Աղդամի ճանապարհի
օգտագործումը մատակարարումների համար կարող է լինել հրատապ և ամենօրյա կարիքների ապահովման
կոնկրետ և կայուն լուծման մաս: Այս տարրերի շուրջ քննարկումները սկսվել են 2023 թվականի
հուլիսի 15-ին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպումից հետո»,-ասված
է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Բաքվի և արցախահայերի միջև երկխոսությունն այս
առումով էական կլինի։
ԵԽ նախագահը խոսել է արցախահայերի իրավունքներն ու անվտանգությունը
երաշխավորելու եղանակների շուրջ քննարկում սկսելու անհրաժեշտության մասին։
«Այս երկխոսությունը վստահության ամրապնդման կարիք ունի։ Այդ նպատակով
ԵՄ-ն տարբեր առաջարկներ է ներկայացրել այս գործընթացին միջազգային աջակցության, ինչպես
նաև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն աջակցելու տեղում ներգրավվելու
համար: Վերոնշյալ բոլոր ջանքերը միայն մեկ նպատակ ունեն՝ ապահովել Բաքվի և Երևանի միջև
հարաբերությունների անշրջելի կարգավորումը՝ ի շահ տեղում գտնվող բոլոր բնակչության։
Այժմ եկել է խիզախ փոխզիջումային լուծումների ժամանակը, նաև այսօրվա էսկալացիայի ֆոնին»,-ասված
է հայտարարության մեջ։