10 Մայ
2025
18.3° c ԵՐԵՎԱՆ
7.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պստիկ Գալեն՝ զինվորականի ճանապարհն ընտրած ու անմահացած Արմեն Գալեյանը կդառնար 35 տարեկան

Պստիկ Գալեն՝ զինվորականի ճանապարհն ընտրած ու անմահացած Արմեն Գալեյանը կդառնար 35 տարեկան

Սասնաշենում՝ տոհմիկ սասունցու ընտանիքում է ծնվել պատերազմում անմահացած Արմեն Գալեյանը: Եղբայրը՝ Հովհաննեսը, վերհիշում է իրենց հրաշալի մանկությունը, երբ իրարից անբաժան էին։ Գյուղացիները հաճախ ասում էին՝ իրար կպած մարդիկ եկան։

Մանկության տարիներին եղբոր հետ թևանցուկ գյուղում քայլելիս չէր պատկերացնի, որ տարիներ անց նրա հիշատակին նվիրված հուշաքար է կառուցելու, չէր պատկերացնում, որ փոքրամարմին Արմենը կդառնա Հայկական բանակի մի մասնիկը։

«Ամեն ինչ միասին էինք անում, թե՛ չարությունները, թե՛ պատանեկան խենթությունները։ Հիշում եմ՝ մեր և՛ մանկությունը, և՛ պատանեկությունը շատ լավ է անցել։ Հետո մի պահ եկավ՝ Արմենն ընտրեց բանակը։ Ինքը փոքրամարմին էր ու ամեն տարի իր ծառայությունը հետաձգում էին, քաշը չէր ներում։ Մի տարի, երբ հերթական անգամ քաշն ընդամենը կես կգ-ով չէր բավականացնում, ասաց՝ սպասեք գնամ, էդքան ջուր խմեմ, գամ»,-ծիծաղն ու արցունքները իրար խառնած՝ հիշում է Հովհաննեսը։

1985 թվականի ապրիլի 24-ին է ծնվել Արմեն Գալեյանը։ Հովհաննեսը նրա հորեղբոր տղան է, բայց իրենց միշտ զույգ եղբայր են համարել։

«Երազում էր՝ անօդաչուների մասին, իր հոբբին էր։ Այդպես էլ եղավ՝ ծառայության մեկնեց որպես ՀՕՊ համակարգերում ծառայող։ 2018 թվականի ապրիլից ծառայել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության ՀՆՇ բրիգադում, ԱԹՍ ջոկատում։ Մասնակցել է 2020 թվականին Տավուշում տեղի ունեցած հուլիսյան մարտերին»,-պատմում է Հովհաննեսը:

Արդեն 2020 թվականի չարաբաստիկ պատերազմի ժամանակ եղել է Հադրութում, զոհվել է հոկտեմբերի 12-ին՝ Սարիշենում՝ անօդաչուի հարվածից։ Արմենի մարմինը ճանաչել են նրան բնորոշ կոկիկությունից:

«Հագուստը միշտ կոկիկ պիտի լիներ՝ ուղիղ ծալված։ Մինչև զոհվելն իհարկե ամեն օր խոսում էինք, մորաքրոջս տղան էլ էր կամավոր մեկնել պատերազմ, հոկտեմբերի 6-ին նա զոհվեց։ Արմենը զանգեց, ասաց՝ Հով մեր եղբայրը՝ Տավրոսն էլ զոհվեց, բոլորիս վերջը դա է։ Գաղտնապահ էր, չէր ասում՝ որտեղ է, ինչպես է։ Ավելի ուշ ենք իմացել, որ Հադրութում էլ է եղել»,-հիշում է Հովհաննեսը։

Արմենը երգում էր, բայց ինչպես եղբայրն է ասում, ամաչում էր մարդաշատ վայրերում իր տաղանդը ցույց տալ։ Ամուսնացած էր, ուներ երկու երեխա։ Մեծը՝ որդին, երկրորդ դասարանում է։ Հայրիկի մասին քիչ է հարցեր տալիս, գիտի՝ զինվորական է, աշխատանքի վայրում է։ Աղջիկը հորը չի հիշում. ընդամենը 40 օրական էր, երբ հայրը պատերազմի դաշտում կյանքի ու մահվան կռիվ էր տալիս։

Պստիկ Գալե, այդպես էին ասում Արմենին ընկերները՝ փոքրամարմին լինելու համար, բայց այդ փոքր մարմնում հայրենիքի հանդեպ այնքան սեր էր տեղավորվել, որ նրան չկանգնեցրեց անգամ նորածին աղջկա ծնունդը։

Սեդա Մակարյան

Ռազմագերիներ