
Լիբանանում ՌԴ դեսպանը Ալեքսանդր Ռուտակովը այցելել է Անթիլիաս․ հանդիպել է Արամ Վեհափառի հետ
Լիբանանում ՌԴ դեսպանը այցելել է Անթիլիաս․ հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից։
«Երկուշաբթի, մայիսի 12-ի երեկոյան Անթիլիասի Մայրավանք է այցելել և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի հետ հանդիպում է ունեցել Լիբանանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Ալեքսանդր Ռուտակովը՝ ընկերակցությամբ Լիբանանի և Սիրիայի ռուս համայնքի առաջնորդ Հայր Ֆիլիպի։ Վերջինս ռուս եկեղեցու առաջնորդ Կիրիլլ պատրիարքի եղբայրական ողջույններն է փոխանցել Վեհափառ Հայրապետին։
Ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններին, ընդհանրապես Միջին Արևելքի կացությանը, հայ և ռուս եկեղեցիների փոխհարաբերություններին, ինչպես նաև Լիբանանին վերաբերվող խնդիրներին։
Հիշյալ հարցերի շուրջ տեսակետների և մտահոգությունների փոխանակում տեղի ունեցավ հատկապես Նորին Սրբության և դեսպանի միջև», – ասվում է կաթողիկոսության տարածած հաղորդագրության մեջ։