
Ռուս-ուկրաինական բանակցային սեղանը կրկին Ստամբուլում է
Զելենսկին Պուտինին սպասելու է Ստամբուլում։ Ռուս-ուկրաինական հակամարտության ստվերում Թուրքիան շարունակում է ամրապնդել իր դիրքերը՝ դառնալով բանակցային առանցքային հարթակ։ Կրեմլի և Կիևի պատվիրակությունները կրկին կհավաքվեն Ստամբուլում՝ փորձելով գտնել երկար սպասված խաղաղության բանալին։
Բայց ինչո՞ւ է Թուրքիան կրկին ստանձնում այս բարդ դերը, երբ ժամանակին նման բանակցությունների վայրը հաճախ արաբական երկրներն էին։
Հարցը պարզ չէ, սակայն ակնհայտ է, որ Էրդողանը հաջողությամբ գործածում է իր երկրի ռազմավարական դիրքը և տարածաշրջանային կապերը՝ տնտեսական ու քաղաքական շահեր ձեռք բերելու համար։ Միջնորդությունը, որից Թուրքիան չի խուսափում անգամ Արևմուտքի և Ռուսաստանի միջև աճող լարվածության պայմաններում, փորձագետների խոսքով , միաժամանակ հնարավորություն է տալիս վերականգնել իր միջազգային հեղինակությունը և ամրապնդել սեփական ազդեցությունը ինչպես Կովկասում, այնպես էլ Միջերկրածովյան տարածաշրջանում։
Սակայն այս ամենը իր հետ բերում է նաև մարտահրավերներ. արդյոք Թուրքիան կկարողանա պահպանել նուրբ հավասարակշռությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների և իր ռազմավարական շահերի միջև: