Արցախում ստեղծված վիճակը պարտադրում է կրկին դուրս գալ հրապարակ․ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը կոչ է անում մասնակցել սեպտեմբերի 2-ի հանրահավաքին
ԱԱԾ պահեստազորի սպաների
միությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով մասնակցել սեպտեմբերի 2-ին ընդդիմության
հրավիրած հանրահավաքին։
«Սեպտեմբերի 2-ին երկրի ընդդիմադիր ուժերի կողմից հրավիրվել է Արցախի անկախությանը
նվիրված հանրահավաք, ինչը ողջ ընդդիմության միասնականության վկայությունն է:
Մենք հասկանում ենք, որ 2021-ի ընտրություններից հետո ընդդիմության
կողմից կազմակերպված հանրահավաքները, քայլերթերը, հանրային այլ միջոցառումները որոշակի
առումով հիասթափեցրել են մարդկանց, քանի որ բաղձալի արդյունքի` իշխանափոխության չեն
հանգեցրել: Շատ հնարավոր է, որ սա անխուսափելի ընթացք էր, որով պիտի անցներ երկիրը:
Արցախում ստեղծված օրհասական ծանր վիճակը, դրա նկատմամբ Հայաստանի
իշխանությունների որդեգրած կրավորական պահվածքը մեզ բոլորիս պարտադրում է մի կողմ թողնել
ընդդիմադիրներից ու պայքարի ձախողումներից ունեցած հիասթափությունը, հուսահատությունը
և կրկին դուրս գալ հրապարակ` այս անգամ շատ ավելի կազմակերպված
ու համախմբված: Սա կարող ենք համարել մեկնարկային նո՛ր փուլի սկիզբ, նո՛ր հարթակի ձևավորում:
Մեր գործընկերներին, համախոհներին կոչ ենք անում մասնակցել Ազատության
հրապարակում սեպտեմբերի 2-ին, ժամը 18:00-ին հրավիրված հանրահավաքին», – ասված է հաղորդագրության մեջ: