15 Մայ
2025
13.1° c ԵՐԵՎԱՆ
3.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն Իրանին է ներկայացրել միջուկային ծրագրի վերաբերյալ առաջին գրավոր առաջարկը․ Axios

ԱՄՆ-ն Իրանին է ներկայացրել միջուկային ծրագրի վերաբերյալ առաջին գրավոր առաջարկը․ Axios

Մայիսի 11-ին իրանական պատվիրակության հետ բանակցությունների վերջին փուլի ժամանակ ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվեն Վիտկոֆն Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին է փոխանցել ԱՄՆ առաջին գրավոր առաջարկն՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ առկա անհամաձայնությունները լուծելու համար. հաղորդում է Axios պորտալը՝ հղում անելով բանակցությունների ընթացքին ծանոթ երեք աղբյուրների։

Պորտալի տվյալներով՝ ապրիլի 12-ին կայացած բանակցությունների առաջին փուլի ժամանակ Արաղչին ամերիկյան կողմին է ներկայացրել Թեհրանի առաջին գրավոր առաջարկը, սակայն Վիտկոֆը մերժել է այն՝ պնդելով, որ կոնկրետ նախագծի լուծման ժամանակը դեռ չի եկել։ Ապրիլի 26-ին կայացած բանակցությունների երրորդ փուլի ժամանակ իրանական կողմը կրկին ԱՄՆ պատվիրակությանը ներկայացրել է գրավոր առաջարկ: Այս անգամ Վիտկոֆն ընդունել է այն, որից հետո ամերիկյան կողմը ուղարկել է փաստաթղթի վերաբերյալ հարցերի և պարզաբանումների ցանկ։ Ի պատասխան՝ իրանական պատվիրակությունը ներկայացրել է իր սեփական հարցերի ցանկը։

Այժմ, ինչպես նշում է պորտալը, ԱՄՆի առաջին պաշտոնական գրավոր առաջարկն ընդունվել է Արաղչիի կողմից և ուղարկվել Թեհրան՝ Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի և երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանի քննարկմանը։ Ամերիկյան փաստաթուղթը ուրվագծում է Վաշինգտոնի տեսլականն Իրանի քաղաքացիական միջուկային ծրագրի ապագայի վերաբերյալ, դրա նախընտրելի պարամետրերը և իրականացման մոնիթորինգի ու վերահսկողության պահանջները։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնն ու Թեհրանը մոտ են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու համար համաձայնության հասնելուն։

Միացյալ Նահանգները և Իրանը, Օմանի միջնորդությամբ, բանակցություններ են անցկացրել Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ առկա տարաձայնությունները լուծելու համար։ Դրանցից առաջինը տեղի է ունեցել ապրիլի 12-ին Մասկատում, երկրորդը՝ ապրիլի 19-ին Հռոմում, երրորդը և չորրորդը՝ ապրիլի 26-ին և մայիսի 11-ին՝ կրկին Օմանի մայրաքաղաքում։ Խորհրդակցություններին Իրանի պատվիրակությունը գլխավորել է արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Վիտկոֆը։

Ռազմագերիներ