21 Մայ
2025
28.1° c ԵՐԵՎԱՆ
18.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելի դաշնակիցները քննադատել են Գազայի վերաբերյալ ծրագրերը և խոստացել վերանայել առևտրային կապերը․ Washington Post

Իսրայելի դաշնակիցները քննադատել են Գազայի վերաբերյալ ծրագրերը և խոստացել վերանայել առևտրային կապերը․ Washington Post

Իսրայելը ճնշման տակ է Գազայի հատվածում իր պատերազմի պատճառով։ Նրա հիմնական դաշնակիցները, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան և Եվրամիության անդամ պետությունները, կա՛մ կասեցրել են ազատ առևտրի բանակցությունները, կա՛մ խոստացել վերանայել առևտրային կապերը՝ զգուշացնելով Իսրայելի կառավարությանը, որ այն պետք է դադարեցնի վերսկսված ռազմական հարձակումը և թույլ տա օգնության անարգել հոսքը անկլավ. գրել է Washington Postը։

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարության մեջ նշել է, որ կհետևի Իսրայելի հետ գործող առևտրային համաձայնագրին, սակայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի «անպատկառ քաղաքականությունը» Գազայում և Արևմտյան ափում անհնար է դարձրել «քննարկումների առաջխաղացումը» հնարավոր նոր համաձայնագրի շուրջ։ Այն մեջբերել է Իսրայելի կողմից Գազայի 11-շաբաթյա շրջափակումը, որտեղ ավելի քան 2 միլիոն մարդ այժմ գտնվում է սովի կրիտիկական վտանգի տակ, ինչպես նաև նոր ցամաքային գործողությունը, որը, ըստ իսրայելցի պաշտոնյաների, կներառի Գազայի հատվածի ամբողջ տարածքի գրավումը։

Բրյուսելում ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ 27 երկրներից բաղկացած դաշինքը կսկսի Իսրայելի հետ իր առևտրային համաձայնագրի պաշտոնական վերանայումը։

Իսրայելի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օրեն Մարմորշտեյնը նշել է, որ Կալլասի խոսքերը արտացոլում են «Իսրայելի առջև ծառացած բարդ իրականության լիակատար թյուրըմբռնումը»։

«Այս իրողությունները անտեսելը և Իսրայելին քննադատելը միայն կոշտացնում է Համասի դիրքորոշումը և խրախուսում Համասին հավատարիմ մնալ իր դիրքորոշմանը», – գրել է նա X-ում։

Ինչպես գրել է Washington Post-ը, Լոնդոնի և Բրյուսելի կողմից ձեռնարկված քայլերը վկայում են Իսրայելի վաղեմի կողմնակիցների շրջանում վերաբերմունքի փոփոխության մասին։ Նեթանյահուն պատրաստվում է իրականացնել ԱՄՆի կողմից աջակցվող ծրագրեր՝ Գազայի բնակիչներին հարավում գտնվող անկլավներ տեղահանելու համար։ Այնտեղ իսրայելական զինվորականները և ԱՄՆ անվտանգության կապալառուները կվերահսկեն օգնության մատակարարումը բաշխման կենտրոնների միջոցով և կպահպանեն սննդի խիստ սահմանափակումներ։

Խորհրդարանում ունեցած իր ելույթում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին ծրագրերը որակել է որպես «զզվելի», «հրեշավոր» և «բարոյապես անարդարացի»։ Նրա խոսքով՝ Իսրայելի դեսպան Ցիպի Հոտովելին կանչվել է Արտաքին գործերի նախարարություն՝ պաշտոնապես տեղեկացնելու, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը շրջափակումը համարում է «դաժան և անհիմն»։

Մայիսի 18-ին Նեթանյահուն անակնկալ հայտարարություն էր արել՝ նշելով, որ զինվորականների առաջարկությամբ թույլատրել է «սննդի հիմնական քանակի» մուտքը Գազա։ Այնուհետև, հաջորդ օրն ընդգծել էր, որ որոշումը կայացրել է Իսրայելի դաշնակիցների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների ճնշման տակ։

Իսրայելի իշխանություններն օգնության գործակալություններին հայտնել են, որ մայիսի 19-ից մինչև մայիսի 23-ը կկարողանան օրական 100 բեռնատար ուղարկել Գազա, ինչը կազմում է ընդհանուր առմամբ՝ մոտ 500 բեռնատար, The Washington Post-ի հետ զրույցում նշել են երեք մարդասիրական պաշտոնյաներ։

Նրանց խոսքով՝ Գազայում սուր սովի խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է շատ ավելի մեծ թվով բեռնատարներ։ Պատերազմից առաջ ամեն աշխատանքային օր միջինում 500 բեռնատար էր մտնում տարածք, կամ ամսական մոտավորապես 10,000 բեռնատար՝ ըստ ՄԱԿի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (OCHA):

Ռազմագերիներ