
Ճնշված Փաշինյանն ու խիզախացած ընդդիմությունը․ ՀՀ-ում քաղաքական լարվածությունը սրվում է ընտրությունների մոտենալուն զուգընթաց․ OBCT
2026 թվականի խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգընթաց՝ Հայաստանում քաղաքական լարվածությունը կտրուկ սրվում է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է անհանգիստ միջավայրում, որը ձևավորվել է արտաքին քաղաքականության շուրջ հակասությունների, հանրային աջակցության նվազման և համարձակություն ձեռք բերած ընդդիմության կողմից, որն այժմ ցանկանում է շահագործել ցանկացած սխալ քայլ՝ սեփական որևէ հավաստի քաղաքականություն վարելու փոխարեն․ այս մասին գրել է Osservatorio Balcani e Caucaso Transeuropa-ն։
Ինչպես նշվել է, խաղադրույքները բարձր են, և գալիք տարին կորոշի ոչ միայն Փաշինյանի կառավարության ապագան, այլև՝ Հայաստանի սկսնակ, բայց դեռևս թերի ժողովրդավարական զարգացումը։Մարտին տեղական
նքնակառավարման մարմինների ընտրություններին նախորդող շրջանը «խաթարվել է քրեական հետաքննություններով, քաղաքական մանևրներով և կոռուպցիայի մասին մեղադրանքներով։ Սրանք մարտավարություններ են, որոնք մենք կարող ենք ավելի շատ տեսնել 2026 թվականի ընտրություններից առաջ», եզրակացրել է Ստոկհոլմի Արևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների կենտրոնը՝ հավելելով, որ «կառավարության փորձերը՝ ճնշելու տեղական ընդդիմությանն, արտացոլում են նրա ավելի լայն մտահոգությունները ցանկացած մակարդակում իրական մարտահրավեր նետողների ի հայտ գալու վերաբերյալ»։
Ըստ հոդավածի՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ջանքերը, հավանաբար, կենտրոնական դեր կխաղան, մինչդեռ նրա հակառակորդները նրան մեղադրում են ազգային շահերը դավաճանելու մեջ։ Վերջին հարցումները ցույց են տալիս, որ Փաշինյանի՝ դեպի Արևմուտք շատ գովաբանված շրջադարձի հանդեպ ոգևորությունը նվազում է, նույնիսկ եթե դա լինի միայն խորհրդանշական։ Հանրային կարծիքն ավելի շատ պրագմատիկ է թվում, քան՝ գաղափարախոսական։
Միևնույն ժամանակ, Փաշինյանը, կարծես, ավելի ու ավելի հիասթափված է և հակված է հանկարծակի պոռթկումների և սպառնալիքների, ինչպես արել է այս ամիս՝ կորցնելով ինքնատիրապետումը խորհրդարանական նիստի ժամանակ, հարձակվելով ընդդիմադիր պատգամավորների վրա, որոնք մեղադրում էին իր կուսակցությանը կոռուպցիայի մեջ: Անկախ նրանից, թե սա իմպուլսիվ պոռթկում էր, թե դիտավորյալ նախազգուշացում, այն հաստատեց այն աճող զգացողությունը, որ Փաշինյանը գտնվում է հսկայական ճնշման տակ, գրել է կայքը։
Աճում են նաև մտահոգությունները, որ 2018 թվականի նրա վարչապետության օրոք ժողովրդավարական բարեփոխումների սկզբնական հույսերը վաղաժամ էին: Դրա փոխարեն շատերը պնդում են, որ երկիրը բռնել է նահանջի ուղին։
Աշխարհաքաղաքական առումով՝ հայ հանրությունը շարունակում է տատանվել Արևմուտքին լիակատար միության հարցում: Շատ հայեր շարունակում են զգուշանալ Մոսկվայի հետ կամուրջները այրելուց՝ հաշվի առնելով երկրի շարունակական կախվածությունը ռուսական էներգետիկայից և առևտրից։ Փաշինյանի որոշումը՝ մասնակցելու այս տարվա Հաղթանակի օրվա շքերթին Մոսկվայում, չնայած ԵՄ-ի նախազգուշացումներին, ընդգծում է այս կախվածությունը։ Թեև այս ժեստը, հավանաբար, զայրացրել է Բրյուսելին, միջոցառումը չմասնակցելը կարող էր Ռուսաստանի հետ հետագա տնտեսական և դիվանագիտական հետևանքների հանգեցնել։ Հայաստանը մնում է նուրբ հավասարակշռության մեջ, որը կարող է դժվար լինել պահպանել երկարաժամկետ կտրվածքով։
Միևնույն ժամանակ՝ որոշ ընդդիմադիր պատգամավորներ կրկին քննարկում են Փաշինյանի իմպիչմենտը հաջորդ ընտրություններից առաջ, նույնիսկ եթե հաջողության հավանականությունը ցածր մնա։
Ադրբեջանի հետ շատ գովազդվող «խաղաղության օրակարգը» նույնպես դառնում է ընտրական լուրջ խնդիր։ Մարտին Երևանն ու Բաքուն հայտարարել են, որ վաղուց սպասված խաղաղության համաձայնագրի տեքստը վերջնականապես մշակվել է։ Սակայն Ադրբեջանը պնդում է, որ որևէ համաձայնագիր չի կարող ստորագրվել, քանի դեռ Հայաստանը չի փոփոխել իր Սահմանադրությունը և չի համաձայնել լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ ԵՄ-ը և ԱՄՆ-ն ճնշում են գործադրում կարգավորման վրա՝ ձգտելով ապահովել առևտրային միջանցք Կովկասով դեպի Կենտրոնական Ասիա՝ շրջանցելով Ռուսաստանը։
Ըստ պարբերականի՝ երկիրը, կարծես, ավելի ու ավելի է հիասթափվում իր ողջ քաղաքական դասից, ինչը հնարավոր է, որ տեղ թողնի երրորդ ուժերի համար, մասնավորապես՝ հետխորհրդային հաստատության հետ կապ չունեցող ուժերի, որոնք կարող են հայտնվել և լրացնել այդ դատարկությունը, չնայած դեռևս չեն ձևավորվել։
«Խաղադրույքները չէին կարող ավելի բարձր լինել, հատկապես անվտանգության և կայունության ոլորտներում։ Եթե Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը չկարողանա իրականություն դառնալ, կամ ընդդիմությունը հետագա հաջողությունների գրանցի, Հայաստանը կարող է խորը քաղաքական անորոշության և ճգնաժամի մեջ ընկղմվել։ Ընտրությունները փորձություն կլինեն ոչ միայն Փաշինյանի, այլև երկրի՝ տեսանելի ապագայում արտաքին ազդեցությունից և միջամտությունից զերծ ապագան որոշելու սեփական կարողության համար», – եզրափակել է կայքը։