Ադրբեջանն օգտագործում է «ինտեգրում» եզրույթը՝ քողարկելու հպատակեցման և պատմական հայրենիքից հետագա վտարման քաղաքականությունը․ Արցախի արտգործնախարար
Արցախի Հանրապետության արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը հարցազրույց
է տվել ռուսական «The Moscow Times» առցանց պարբերականին։
– Հնարավոր համարում եք, որ դիվանագիտական
հարթակում Ստեփանակերտի և Երևանի ջանքերը կարող են ստիպել Բաքվին հեռացնել Լաչինի շրջանում
տեղադրված հսկիչ անցակետը։ Ի՞նչ գործիքներ կան դրա համար։ Արդյոք հավատում եք, որ Բաքուն
կենթարկվի որևէ պահանջի՝ առանց ուժային պարտադրանքի։
Լաչինի միջանցքի պարամետրերն ու շահագործման ռեժիմը սահմանված են 2020 թ․ նոյեմբերի
9-ի Եռակողմ հայտարարությամբ, որի 6-րդ կետով ամրագրված է Արցախի Հանրապետության և
Հայաստանի Հանրապետության միջև անխափան ցամաքային կապը։ Լաչինի միջանցքի վերահսկողությունը
վերապահված է բացառապես ՌԴ խաղաղապահ զորակազմին։ Սակայն պետք է ընդգծել, որ ադրբեջանական
կողմի դիրքորոշումն ու գործողությունները լիովին հակասում են վերոնշյալ Եռակողմ հայտարարության
թե՛ ոգուն, և թե՛ տառին։
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը և սովի ու հարկադրանքի միջոցով Արցախի
ժողովրդին սեփական դիրքորոշման պարտադրումը պաշտոնական Բաքվի ցեղասպանական քաղաքականության
մաս են կազմում։ Հետևաբար, մենք բարձրաձայնում ենք ցեղասպանության հանցագործության
կանխարգելման գործում միջազգային հանրության և, առաջին հերթին, համաշխարհային դերակատարների
պատասխանատվության մասին և ելնում ենք նրանից, որ տվյալ պետություններն ու կազմակերպություններն
ունեն համապատասխան ռեսուրսներ և գործիքակազմ՝ մարդկության դեմ նման հանցագործությունը
կանխելու համար։ Հուսով ենք, որ նրանք կօգտագործեն իրենց հնարավորությունների ողջ զինանոցը՝
աղետալի հետևանքներից խուսափելու համար։
Ցանկանում եմ ևս մեկ
անգամ ընդգծել, որ ցեղասպանության կանխարգելումը ոչ միայն միջազգային հանրության բոլոր
անդամների իրավունքն է, այլ նաև պարտավորությունը։
– Որո՞նք են Արցախի ղեկավարության կարմիր գծերը
բանակցություններում: Ձեր գերատեսչությունն արդեն նշել է, որ Ադրբեջանի տարածքում հանդիպումներն
առանց երրորդ կողմի ներկայության ձեզ համար անընդունելի են: Ի՞նչ կասեք բանակցությունների
օրակարգի մասին: Ի՞նչ եք պատրաստ քննարկել , ինչ՝ ոչ:
– Արցախի ժողովուրդն ու իշխանությունները բոլորից լավ գիտեն ինչպես խաղաղության, այնպես
էլ՝ պատերազմի գինը: Մենք պատրաստ ենք քննարկել բարդ և ցավոտ հարցերի ողջ շրջանակը՝
պայմանով, որ բանակցությունների ընթացքն ու արդյունքը չպետք է կանխորոշված լինեն: Իսկ
հաշվի առնելով, որ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի թե՛ անհատական, թե՛ հավաքական
իրավունքների բազմաթիվ խախտումներ են տեղի ունենում, պետք է հստակ միջազգային երաշխիքներ
սահմանվեն Արցախի ժողովրդի իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի իրացման
համար:
– Ձեզ համար սկզբունքորեն ընդունելի՞ է «Ղարաբաղի
հայերի ինտեգրում» եզրույթի կիրառումը, որն օգտագործում է Ադրբեջանը:
– Նախ, պետք է ընդգծել,
որ Ադրբեջանն օգտագործում է «ինտեգրում» եզրույթը՝ քողարկելու Արցախի ժողովրդի բռնի
հպատակեցման և պատմական հայրենիքից նրա հետագա վտարման ներկայումս իր կողմից իրականացվող
քաղաքականությունը: Հետևաբար, եզրույթների գնահատումն անհնար է առանց հաշվի առնելու
այն նպատակները, որոնց համար դրանք օգտագործվում են։
Կարծում ենք, որ ավելի
ճիշտ է խոսել փոխընդունելի և հավասարակշռված ձևակերպումների որոնման մասին, որոնք ուղղված
կլինեն կայուն ու արդար որոշումների մշակմանը և կծառայեն խաղաղության շահերին: