Կոչ ենք անում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր առողջ ուժերին հստակ գնահատական տալ իշխանության կործանարար գործունեությանը․ ՀՅԴ ԳՄ հայտարարությունը
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել Երևանի ավագանու՝ սեպտեմբերի
17-ին կայանալիք ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
«Դիտարկելով ավագանու ընտրություններին առաջադրված ուժերի մինչ այժմ արտահայտած հրապարակային
մոտեցումները.
1. վերահաստատում ենք, որ Երևանցին իր վճռական քվեով պետք է թույլ չտա, որպեսզի
անցնող հինգ տարիներին ինչպես երկրի, այնպես էլ մայրաքաղաքի կառավարումը տապալած, մեր
Հայրենիքը օրհասական վիճակի հասցրած ՔՊ-ական իշխանությունը վերարտադրվի մայրաքաղաքում։
Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ-ի համար հավասարապես անընդունելի և մերժելի
են թե’ ՔՊ-ն և թե’ նրան բացահայտ կամ քողարկված կերպով աջակցող ուժերը,
2. կոչ ենք անում ընտրություններին մասնակցող բոլոր առողջ ուժերին հստակ գնահատական
տալ իշխանության կործանարար գործունեությանը, հրապարակային և անվերապահ բացառել Երևանի
ավագանիում ՔՊ-ի հետ որեւէ միավորման ձևավորումը կամ նրան աջակցելը, ինչպես նաև հետընտրական
համագործակցության պատրաստակամություն հայտնել միմյանց հետ,
3. գնահատելով առ այս պահը հրապարակային արտահայտված հիմնական դիրքորոշումներն
ու հետապնդած նպատակի շուրջ արձանագրված համապատասխանությունը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն
մարմինը կոչ է անում մեր հայրենակիցներին քվեարկել Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր
Հայաստան» դաշինքի օգտին։
Հ․Յ․ Դաշնակցությունն ընտրական հանձնաժողովներում իր ներկայացուցիչների
գործուն մասնակցությամբ վերահսկելու է ընտրությունների ընթացքը»,- ասված է հայտարարության մեջ։