27 Նոյ
2024
4.3° c ԵՐԵՎԱՆ
1.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դավիթ Իշխանյանի ասուլիսի կարևոր հատվածները՝ ամփոփ

Դավիթ Իշխանյանի ասուլիսի կարևոր հատվածները՝ ամփոփ

Այսօր տեղի է ունեցել ԱՀ Ազգային Ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի
մամուլի ասուլիսը։

Ստորև ներկայացնում ենք ասուլիսին Դավիթ Իշխանյանի կողմից հնչեցրած
կարևոր հայտարարությունները։

Ակնայի ճանապարհը

Ի լուր աշխարհի ասում եմ՝ Աղդամի ճանապարհը փակ պահելու և
չօգտագործելու հստակ որոշում կա: Մեր հասարակությունը չպետք է անվստահության միտումներ
ունենա։

Բերձորի միջանցքը

Մենք ունենք մեկ ճանապարհ, որը կոչվում է Բերձորի միջանցք, և այդ
ճանապարհով Հայաստանի հետ կապող երթևեկը պետք է վերականգնվի։ Ադրբեջանի երեկվա քայլը
մեզ համար անընդունելի է:

ԿԽՄԿ-ն «Կարմիր մահիկով» փոխարինելու ադրբեջանական ձգտումները

Ադրբեջանի քաղաքական քայլերը հասկանալի են՝ աշխարհին ցույց են տալիս,
որ իրենց կողմից հնարավոր բոլոր քայլերն արվում են Արցախի ժողովրդի կարիքներն ապահովելու
համար։ Ադրբեջանը փորձում է իր «Կարմիր մահիկով» Արցախից դուրս մղել Կարմիր Խաչի՝ Ստեփանակերտում
գտնվող գրասենյակը։

Ազգային-ազատագրական պայքարի ծանր փուլը

Արցախը 100 տարի առաջ նորից կռիվ էր տալիս իր ինքնորոշման համար,
բայց  բռնի ուժով կցեցին Ադրբեջանին։ Այս ամենից հետո Արցախը 30 տարի առաջ նորից
սկսեց պայքարել նույն տեսլականով։ Իմ տեսլականը մեր ինքնորոշման մեջ է, մայր հայրենիքին
միանալու մեջ է, սա ազգային- ազատագրական ծանր պայքարի փուլ է։

ՀՀ-Արցախ հարաբերությունների մասին

Անցած 2․5 տարիների ընթացքում տեսնում էինք,
թե ինչպես էր Հայաստանը մեզնից հեռանում։ Այստեղ մենք ունենք անելիք, չպետք է թույլ
տանք, որ Հայաստանը մեզնից հեռանա։ Չպետք է բոլոր «շահագրգիռ» կողմերին թույլ տանք
կազմաքանդել այն քաղաքական հարաբերությունները, որոնք ձևավորված են Արցախի ու Հայաստանի
միջև։

Իշխանություն-հասարակություն անջրպետը

Իմ կողմից, ԱԺ-ի կողմից փորձ է արվում և արվելու է ընդհանուր մթնոլորտ
ձևավորել ոչ միայն քաղաքական դաշտում, այլև հանրային դաշտում։ Իշխանություն-հասարակություն
հարաբերություններում մենք ունենք անջրպետ, և դա պետք է վերացվի։

Արցախի միջազգային ճանաչման անհրաժեշտությունը

Արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչը Արցախի Հանրապետության
միջազգային ճանաչումն է։ Մենք գիտենք, թե անցած 30 տարիների ընթացքում այդ ուղղությամբ
ինչպիսի աշխատանքներ են տարվել։ Տարբեր երկրների նահանգների մակարդակով տեղի է ունեցել
ճանաչման գործընթաց։ Հաշվի առնելով այսօրվա մեր իրավիճակը և հնարավորությունները՝ բնականաբար
շատ դժվար է կանխատեսել, որ հաջողություններ կարող ենք արձանագրել։ Եթե մենք խոսում
ենք ճանաչման գործընթացի մասին, այսօր ունենք միջազգային պրակտիկայում ընդունված «ճանաչում
հանուն փրկության» հասկացությունը, որը կիրառվել է Կոսովոյի պարագայում և կարող է կիրառվել
նաև մեր դեպքում։