Ինչպե՞ս էր «Յուքոմը» կարճ ժամանակով դարձել «Թուրքսելլ»․ պարզաբանում
Ցանցային ապոկալիպսիս՝ «Յուքոմում», որը թեև տևեց մոտ կես
ժամ, սակայն հասցրեց մեծ իրարանցում առաջացնել։
Ժամը 10։30-ի սահմաններում Յուքոմի բջջային և ֆիքսված կապն ամբողջությամբ
կորավ։
Հետո համացանցում գրառումներ եղան, որ «Յուքոմի» փոխարեն հեռախոսի
էկրանին «Թուրքսելլ» է գրված․ այն Թուրքիայի ազգային օպերատորն է։
Գրառում էր արել մեդիափորձագետ Սամվել Մարիտրոսյանը։ Նա ABC
Мedia-ի հետ զրույցում նշեց, որ խնդրի բուն պատճառն ասել չի կարող։
«Ինքս չեմ ստուգել, քանի որ Յուքոմի բաժանորդ չեմ, սակայն նման դեպքերում մի քանի սցենար
կա։ Երբ կապը կորում է, միանում է ռոումինգը և կպնում է մոտակա ամենաուժեղ կապին։ Սակայն
ինձ ուղարկված սքրինշոթերում ռոումինգի նշան չկար։ Սա ռոումինգ չէ, իսկ թե ինչ է, ասել
չեմ կարող»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը։
«Յուքոմ» ընկերության հասարակայնության հետ կապերի ղեկավար Դիանա Մնացականյանը ABC
Мedia-ի հետ զրույցում նշեց՝ շատ փոքր խափանում է տեղի ունեցել, որն արդեն լուծվել
է։
Սկզբում վերականգնվել է 3G ցանցը, հետո հասանելի է դարձել նաև
4G ցանցը։
«Ինչ վերաբերում է Սամվել Մարտիրոսյանի տարածած
սքրինշոթերին, մենք չեն կարող ասել, թե դա ինչ միջադեպ է, որևէ տեղեկություն չունենք։
Թող Սամվել Մարտիրոսյանը տրամադրի այդ բաժանորդի կամ բաժանորդների տվյալները, որպեսզի
մենք կարողանանք ստուգել ու պարզել, թե ինչպես է տեղի ունեցել, որ «Յուքոմ» ցանցից
կպել են «Թուրքսելլին»- նշեց Դիանա Մնացականյանը։