
ԱՄՆ վերաքննիչ դատարանի որոշմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերն ուժի մեջ կմնան
Դաշնային վերաքննիչ դատարանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին թույլատրել է շարունակել մաքսատուրքերի գանձումը՝ այսպիսով կասեցնելով Միջազգային առևտրի հարցերով դաշնային դատարանի կողմից սահմանված արգելքի գործողությունը․ այս մասին հայտնում է The Associated Press-ը։
Ըստ գործակալության՝ դաշնային վերաքննիչ դատարանը մայիսի 29-ին հայտարարել է, որ ներկայում կառավարությունը կարող է շարունակել մաքսատուրքեր գանձել արտակարգ դրության մասին օրենքին համապատասխան, մինչ Թրամփի վարչակազմը վիճարկում է առևտրի հարցերով դատարանի որոշումը։
Ավելի վաղ ԱՄՆ-ի միջազգային առևտրի հարցերով դաշնային դատարանն անօրինական էր ճանաչել Թրամփի սահմանած մաքսատուրքերը տարբեր երկրների նկատմամբ։ Երեք դատավորներից բաղկացած կոլեգիան բավարարել էր մի շարք դատական հայցեր՝ պնդելով, որ Թրամփը ոչ օրինաչափորեն է կիրառել արտակարգ դրության մասին օրենքը՝ արդարացնելու սահմանված ներմուծման մաքսատուրքերը։
ԱՄՆ արդարադատության նախարարությունը մայիսի 29-ին դիմել է վերաքննիչ դատարանին՝ պահանջելով դադարեցնել որոշման գործողությունը, մինչ Թրամփի վարչակազմը պատրաստում է պաշտոնական բողոքարկումը։