
«Ստեղնաշարն այժմ պատերազմի զենք է». Մեծ Բրիտանիան 1 միլիարդ ֆունտ ստեռլինգ կծախսի կիբերուժերի արդիականացման համար
Բրիտանական իշխանությունները հայտարարել են բանակային նոր ստորաբաժանում՝ «Կիբերհրամանատարություն» ստեղծելու մասին, որը պատասխանատու կլինի երկիրը հաքերային հարձակումներից պաշտպանելու, ինչպես նաև բրիտանական զինվորականներին ինքնուրույն նման հարձակումներ կազմակերպելու հարցում օգնելու համար․ հայտնում է BBC-ն։
Գործակալությունը, մեջբերելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին, նշել է, որ 21-րդ դարի պատերազմում համակարգչի ստեղնաշարը կարող է դառնալ լիարժեք և շատ վտանգավոր զենք․ դրա օգնությամբ թշնամին կարող է երկրի տնտեսությանը վնաս հասցնել ոչ պակաս (կամ նույնիսկ ավելի), քան նպատակային հրետանային հարվածը։
Միայն վերջին երկու տարիների ընթացքում բրիտանական իշխանությունները ստիպված են եղել գործ ունենալ մոտ 90,000 կիբերհարձակման հետ, որոնք այս կամ այն կերպ կապված են օտարերկրյա հետախուզական ծառայությունների հետ, նշել է նախարարը՝ նկատի ունենալով հիմնականում Ռուսաստանից և Չինաստանից հաքերների։
Նախևառաջ՝ նոր Կիբերհրամանատարությունը կզբաղվի բանակային ստորաբաժանումների ղեկավարմամբ և համակարգերի լայնածավալ արդիականացմամբ՝ օգտագործելով արհեստական բանականության (AI) վրա հիմնված տեխնոլոգիաներ, որոնց հիմնական խնդիրը մարտադաշտում որոշումների կայացման արագացումն է։
Մեծ Բրիտանիայի բյուջեն միայն դրանց զարգացման համար հատկացրել է 1 միլիարդ ֆունտ (1.3 միլիարդ դոլար), այն գրեթե 60 միլիարդ ֆունտից, որը նախատեսվում է ծախսել պաշտպանության վրա այս տարի։